ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրապարակումը․
«Այսօր հերթական գաղտնալսման արտահոսքը փաստեց, որ Նիկոլը Հայաստանում հաստատել է գաղտնի ծառայությունների, իրավապահների լիակատար ենթարկացման, ստրկացման ու ոտքի տակի փալասի կարգավիճակում պահելու մի պողպատե համակարգ։
Ցանկացած քաղաքական պատվեր, ցնորական կամակորություն (սատանա փնտրելուց մինչև սև շապիկավորների հայտնաբերում) կատարելու համար գործի է դրվում ողջ ռեսուրսը և շեֆի պատվերի համար այդ ստրուկները կանգ չեն առնելու ոչնչի, կրկնում եմ՝ ոչնչի, անգամ սեփական հարազատի դեմ մատնագիր պատրաստելու, գաղտնալսելու առաջ։
Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ, իբր փաստ ներկայացնելով Նուրհան Սրբազանի և մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։
Մի քանի ուշագրավ փաստ.
Այն իբր ձայնագրվել է 2023 թվականին ու հիմա է հրապարկվում, ինչը նշանակում է՝ տարիներ շարունակ Մայր Աթոռը, հոգևորականները գտնվել են 24 ժամյա հսկողության և գաղտնալսման տակ։
Ձայնագրությունները բազում են ու պահվում են առանձին թղթապանակներում՝ ըստ նպատակահարմարության օգտագործելու, սպառնալու, շանտաժի համար։
Շարունակում է աշխատել Հայաստանի ամենահանցավոր բանդան՝
Նիկոլ (պատվեր տվող)
իրավապահներ, օպերատիվ աշխատողներ, հանրային, պետական ողջ ռեսուրսը, քաղաքական նպատակահարմարությամբ ու համաձայն պատվերի գաղտնալսելու, տեսագրելու, լուսանկարելու ու ըստ անհրաժեշտության այդ ամենի ոչ պաշտոնական արտահոսքը կազմակերպելու համար։
Ու վերջին, ստորին օղակ՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի արդեն հայտնի medianews.am կայքը, որտեղ էլ մշտապես հայտնվում են այդ բոլոր նյութերը։
Այդ մասին օրերս նորից եմ խոսել Ազգային Ժողովում։
Ես իրավաբան չեմ, բայց այդ բոլոր իրավաբանները Քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում, չգիտեմ էլ որ մի ծառայամիտ կանտոռայում չեն հասկանո՞ւմ, որ հանրային միջոցները, ռեսուրսները ոչ օրինական շահագործելու, օգտագործելու համար, երբ իրենց շեֆը չլինի, պատասխան են տալու։
Ու տալու են։ Դա խոստանում եմ։ Խոստանում ենք։ Սրանց անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա ու այն բռնապետությունը, որ հիմա կա մեր երկրում»։