Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել է բացառիկ վիրահատություն․ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանին հաջողվել է հեռացնել մոտ 10 կիլոգրամ կշռող կրծքագեղձի ֆիլոիդ (phyllodes) ուռուցք։
Պացիենտը՝ 35 տարեկան կին է, վերջին վեց ամիսների ընթացքում նկատել էր կրծքագեղձի արագ աճ և մաշկի խոցոտում։ Նա դիմել էր բժշկական օգնության՝ ուռուցքային հատվածում առաջացած ինքնաբուխ արյունահոսության պատճառով։ Ուռուցքը առկա էր արդեն վեց տարի և վերջին 6 ամսում զարգացել էր՝ հասնելով 31 սանտիմետր տրամագծի, սխալ և ոչ մասնագիտական բուժման հետևանքով։
Վիրահատության ընթացքում կատարվել է արմատական մաստէկտոմիա, իսկ հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունները հաստատել են, որ գոյացությունը հանդիսանում է կրծքագեղձի սահմանային ֆիլոիդ ուռուցք՝ ստրոմալ կոմպոնենտի սարկոմատոզ վերափոխման օջախներով (մոտ 10-15%)։ Ախտահյուսվածաբանական եզրակացությամբ՝ հեռացված ձախ կրծքագեղձում առկա էր ուռուցքային տոտալ ախտահարում, նեկրոզի և մաշկի խոցոտման տեղամասերով։ Վիրահատական միջամտությունը անցել է հաջողությամբ․ ուռուցքը հեռացվել է ամբողջությամբ։
Այս դեպքը բացառիկ է ոչ միայն ուռուցքի չափերի, այլև դրա արագ զարգացման պատճառով։ Կրծքագեղձի սարկոմաները համարվում են չափազանց հազվադեպ՝ տարեկան ընդամենը 4․6 դեպք մեկ միլիոն կնոջ մոտ, ինչը կազմում է կրծքագեղձի չարորակ ուռուցքների 1%-ից պակասը։ Նման դեպքերը պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և թիմային համագործակցություն՝ ապահովելու լիարժեք բուժում և հիվանդի հետագա վերականգնում։