ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը գրել է․
«Վերջապես, Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը:
Հիշեցնեմ, որ այս հոդվածով մեղադրանքը իմ դեմ հարուցված հերթական քաղաքական հետապնդումն էր, որի հետևանքով անցած տարի Սրբազան շարժման ժամանակ կեղծ և շինծու ձայնագրություններով ինձ և Վայոց ձորի ՀՅԴ կառույցի ղեկավար մարմնի տասնյակից ավելի ընկերների բանտարկեցին։
Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ 2024 թվականին ես ու իմ ընկերները շուրջ կես տարի կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը ապաքրեական է, հանցակազմ չի պարունակում և շուտով, ըստ եզրակացության, պետք է կարճվի»։