«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ձերբակալությունը, ըստ ամենայնի, միայն մեկ անձի թիրախավորում չէ։ Այն մեկնակետն է, որից հետո սկսվում է քաղաքական ճնշումների նոր փուլը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական եւ իրավապահ մարմիններին՝ հետեւել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի աջակիցներին։
Հրահանգի տրամաբանությունը պարզ է. հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին՝ «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։
Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից՝ ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի։
Կարծիքի ազատության սահմանները սեղմվում են ոչ թե օրենքների, այլ հրահանգների շրջանակում։ Եվ, ինչպես պարզ է դառնում, առաջիկայում մենք ականատես կլինենք դրա նոր դրսեւորումներին։ Կձերբակալվեն ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլեւ իրավապահ համակարգին քննադատողները։
Սա ոչ այլ ինչ է, քան կարծիքի ազատության քրեականացում: Կոչուբաեւի գործը, փաստորեն, դառնում է նախադեպ, նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր դեռ համարձակվում են բարձրաձայնել իրենց դժգոհությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: