1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը


1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
Հոկտեմբեր 17 09:27 2025

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են 21-ամյա Միհրան Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» և 28-ամյա Գոռ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու «ՎԱԶ 2107»-ի միջից դուրս են բերել Սեյրան Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Վերջինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: 

Հրշեջները «Mercedes»-ի միջից էլ դուրս են բերել Եղիշե Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: