«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունել է ՀՀ-ում թուրքական ներդրումները: «Մենք էլ այնտեղ կանենք, երբ սահմանը բացվի»,- ասել է նա:
Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի» ՝թուրքական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիան անտեսելով, կարծում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը. «Քպականները դիլետանտ են ներքին և արտաքին քաղաքականությունում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում հայկական փոքր, աղքատ և Փաշինյանի քայլերի արդյունքում գրեթե ոչնչացված տնտեսությունը, որի արտաքին պարտքը 14 միլիարդ է, կլանվելու է թուրքական բիզնեսի կողմից, իսկ էներգետիկ ոլորտում՝ադրբեջանական SOCAR-ի կողմից»։
Քպականները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գնել նավթ ու գազ Ադրբեջանից, այսինքն, ըստ ալիքի հեղինակների, ռուսական գազից կախվածության վերացման համար պատրաստ են գնալ Իլհամ Ալիևի բոլոր պահանջների կատարմանը՝ ՀՀ-ն վերածելով թուրքադրբեջանական տանդեմի ազդեցության գոտում գտնվող երկրի։
«ՀՀ-ի հարևան Վրաստանը թուրք-ադրբեջանական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի վառ օրինակ է։ Բաթումի քաղաքում թուրքական տնտեսական, բիզնես, կրոնական և դեմոգրաֆիկ ազդեցությունը շատ մեծ է, և անվտանգության հարց է դարձել վրացական պետականության համար։ Դրան զուգահեռ, Ադրբեջանն է ուժեղացնում իր տնտեսական, ներդրումային և կրոնական ազդեցությունը Վրաստանի հարավարևել յան՝ ադրբեջանաբնակ շրջաններում (Քվեմո-Քարթլի)»,-գրում է ալիքն ու հավելում, որ Հայաստանին սպառնում է թուրքական էքսպանսիան, ինչն, իհարկե, քպականներին չի հետաքրքրում. նրանց հուզում է երկու հարց՝ իշխանության պահպանումն ու 2026 թվականին ամեն գնով վերարտադրվելը։
Թե ինչ պետք է արտահանի Հայաստանը Թուրքիա և Ադրբեջան, էկոնոմիկայի նախարարն այդ հարցի պատասխանը չունի, քանի որ, ըստ հեղինակների, հայկական ապրանքները հետաքրքիր չեն Թուրքիայում և Ադրբեջանում. «Բաքվի և Անկարայի նպատակը ոչ թե հայոց պետականության ամրապնդումն է, տնտեսության զարգացումը, այլ հայոց պետականության վերացումը՝ տնտեսական և դեմոգրաֆիական մեթոդներով»:
Ի հավելում նշվում է, որ հայոց պետականության փրկության համար մնացել են ամիսներ. Փաշինյանն ու թիմը 2026 թվականին ՀՀ-ում այլևս չպետք է իշխանության լինեն, հակառակ պարագայում հայոց պետականությունը վերածվելու է «մեծ Բաթումիի»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում