«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ ենք անդրադարձել Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը: Ավելին, մեկ անգամ չէ, որ նշել ենք (ու միայն մենք չէ), որ այս և նմանօրինակ պետական կառույցների հատկապես ղեկավար կազմը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետներից, եթե կուզեք՝ լավագույն մասնագետները պիտի ընդգրկվեն:
Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն (ներ) ի: Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞…
Հետևանքները, որպես կանոն, երկար սպասել չեն տալիս: Վերցնենք թեկուզ դեպի Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված հարցերում պարբերաբար ծագող խնդիրները, որոնք տենդահար են անում այդ ոլորտում գործող տնտեսվարողներին: Խոսքը կոմունիկացիոն խնդիրների մասին չէ, այլ «Ռոսսելխոզնադզորի» կողմից պարբերաբար արգելափակումների: Օրինակները շատ են, դրանց մասին շատ է գրվել:
Բայց հարցը ոչ միայն «դեպի դուրս» ծագող խնդիրներն են: Այսպես ասենք՝ «ներքին դաշտում» էլ ոչ պակաս հարցեր են ծագում, և ՍԱՏՄ-ն հայտնվում է տխուր վիճակներում:
Ամենաթարմ օրինակը մի շաուրմայանոցի հարցն է, որ այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող թեմա է դարձել: Չնայած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցման մասին ՍԱՏՄ որոշմանը, այդ «օբյեկտը» մինչև երեկ օրվա կես դեռ շարունակում էր աշխատել: Մարդիկ ահազանգում էին, ՍԱՏՄ-ի ներկայացուցիչն էլ արձագանքում էր, թե իրենց գործառույթների շրջանակն այդքանն է: Ճիշտ է, երեկ վերջապես հայտարարեցին, թե գործունեությունը կասեցվել է, նույնիսկ լուսանկարներ հրապարակեցին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Խախտումը հայտնաբերելուց հետո դեռ բավական ժամանակ մարդիկ օգտվել են այդ կետից: Սակայն շատ ավելի կարևոր է ընդհանուր վիճակը:
Թերևս դժվար կլինի իրավիճակն ավելի դիպուկ բնորոշել, քան դա արել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը մասնավորապես նկատում է, որ նման վիճակի մեղավորը հենց լիազոր մարմինն է (ՍԱՏՄ-ն, էլի), որը ոչ պրոֆեսիոնալ ու անփույթ վերաբերմունքի պատճառով հասել է նրան, որ հայտնաբերում է խախտում, իսկ տնտեսվարողը ոչ միայն հայտարարում է, որ դա սուտ է, այլև շարունակում է գործունեություն ծավալել։ Սրան հաջորդում է շատ ավելի վատ բան. լիազոր մարմինը հայտարարում է, որ գործիքակազմ չունի։
Չէ, իրոք, էլի, ի՞նչ է նշանակում՝ «գործիքակազմ չունեն» կամ «իրենց գործառույթների շրջանակում չէ»: Չէ՞ որ արդեն յոթուկես տարի ՔՊ-ն է իշխանության: Խնդիր կա՞, թող մի օրինագիծ «գրեն», գործիքակազմ ունենան, մարդավարի գործեն: «Մեխն» էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, նույնիսկ եռագույն ժապավեններով…»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։