«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում: Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար: Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանը մշտապես պարծենում է, թե իր հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր, ծաղկաձորցի Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի: Սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել` պարզելու եղելությունը: Չկարողացանք նաեւ փոխքաղաքապետին գտնել` թեեւ գործադրեցինք բավարար ջանքեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում