Քաղաքագետ Ստեփան Դանիլեյանը գրում է․
«Կեղծ Դիխոտոմիա
———-
– Եթե Նիկոլի դեմ եք, ուրեմը կողմ եք պատերազմին,
– Եթե դեմ եք Սյունիքի վերահսկողությունը հանձնել օտար երկրի, ուրեմը դեմ եք ինքնիշխանությանը:
– Եթե բողոքում եք անօրինականությունների դեմ, ուրեմը դեմ եք ժողովրդի իշխանությանը:
—————————-
Բանավեճի, կամ պրոպագանդայի ժամանակ կա մի հնարք, որը կոչվում է կեղծ դիխոտոմիա (կեղծ երկընտրանք):
Ինչպես է այն աշխատում։
Խոսողն՝ ասենք վարչապետի պաշտոն զբաղեցնողը, կամ ՔՊ պատգամավորը, ձևակերպում է իր դիրքորոշումը այնպես, որ այն թվում է միակ բարոյապես ճիշտը. «ես խաղաղության կողմնակից եմ», «ես արդարության կողմնակից եմ», «ես ժողովրդի կողմնակից եմ»։
Դրանից ինքնաբերաբար բխում է, որ հակառակորդն իբր հակառակ դիրքորոշման կողմնակից է, այսինքն «դու պատերազմի կողմնակից ես, արդարության դեմ ես, ժողովրդի դեմ ես»:
Սա մանիպուլյացիա «դիխոտոմիայի միջոցով» հնարքն է:
Տրամաբանության տեսությունների մեջ սա անվանում են Կեղծ Այլընտրանք, օրինակ՝ «ընտրությունների ժամանակ ընտրելու եք կամ խաղաղություն, կամ ոչ խաղաղություն»:
Այդ հնարքի միջոցով փորձում են հակառակորդին բարոյապես վարկաբեկել։
7 տարի այդ պարզունակ հնարքն օգտագործում են,ու շատերը դեռ դրա տակ են մնացել:
Պատմական օրինակներ
—————-
– Երբ Հին Հռոմում բարձրացրել էին Հուլիոս Կեսարի լիազորությունների սահմանափակման հարցը, նրա կողմնակիցներն բղավում էին. «Եթե դեմ եք Կեսարին, ուրեմը դեմ եք Հռոմին»:
– Միջնադարում ինկվիզիտորները դատի ժամանակ ասում էին. «Եթե դու մեզ հետ չես, ուրեմն Աստծո դեմ ես»:
– Ջորջ Բուշ Կրտսերն ասում էր. «Եթե մեզ հետ չեք, ուրեմն ահաբեկիչների կողմն եք»: