Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրացել է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացել, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է եկել դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են եկել դասարանից, ապա փորձել կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։
Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի՝ «մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում»։
Լրատվամիջոցը նկատում է, որ զարմանալի է՝ մոտ 20 աշակերտ 2-րդ հարկից թռնելով դուրս են եկել դպրոցի տարածքից, իսկ տնօրինությանը դա չի անհանգստացրել։
Ծնողներն ասել են, որ այդ ամենը ֆիքսել են տեսախցիկները։