«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքում սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած կրակոցները չեն սահմանափակվելու միայն մեկ քրեական գործով։ Տեղի ունեցածը երկար պատմություն ունի․ ArmLur.am-ը բազմից է գրել Ախտոյանների և Գրիգորյանների հակասությունների մասին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։
Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊ-ական, եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը
Փարաքարի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ
է:
Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված է նույն լարվածության հետ: Բազմիցս է գրվել, որ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել է տեսախցիկներով՝ անգամ նկարելով կատարվողը, թե ինչպես են իր և Գրիգորյանի կողմնակիցներն իրար ծեծում: Արդյունքում սպանվեց Ախտոյսնի հորաքրոջ որդին՝ 29 ամյա Գրիգոր Օհանյանը. մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք:
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը արդեն ավելի քան տասը օր է երկրում չէ։ Թեպետ ողջ Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է շրջապատում միշտ վրեժի թեման տաք պահել, սակայն, իրավապահները դժվար թե կարողանան անմիջապես գործել, քանի որ Ախտոյանը երկրում չէ։
Եթե ամփոփելու լինենք, ապա պետք է ասել, որ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջև։ Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կողմից` ներկայացնելով ընդդիմադիր դաշտը: Այս հանգամանքը վենդետային տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն և նշանակություն։
Անցած տարիներին ևս Ախտոյանների ու Գրիգորյանների հակասությունները սրվել են հենց ընտրական գործընթացներին նախորդող ժամանակահատվածում կամ դրանց ավարտից հետո։
Իսկ իրավապահների անգործությունը կամ կողմնակալ քննությունը բերեց 2 զոհի և մեկ վիրավորի: Ում էլ պաշտոնից հանեն` իրավիճակը սփոփելի չի դառնա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: