ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.
«Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները
Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը լրացնելու են գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները:
Արտաքին թշնամին գտել է ձևը. հայերն այսուհետ պետք է ոչ միայն սոցցանցերում հայհոյեն միմյանց, ոչ միայն ատելության խոսք տարածեն միմյանց նկատմամբ, ոչ միայն դավաճանություն քարոզեն, այլ նաև վնասեն միմյանց: Եվ Հայաստանի իշխանությունները նպաստում են դրան: Որովհետև ընդդիմության դեմ ճոճվող մուրճի իմաստը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի:
Ցավալի ու դաժան իրողությունները հաջորդում են միմյանց:
Ինչպես փոխզիջման չգնալով՝ զիջել է ամբողջ հայրենիքը, ինչպես արդարության համար պայքարելով՝ դատարանները դարձրել է պատվերով, իսկ ժողովրդավարության համար պայքարը՝ վերածել քաղբանտարկյալների «շքերթի», այնպես էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի:
Վշտակցում եմ երեկ Մերձավանում տեղի ունեցած բանդիտիզմի զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին»: