«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մենք անդրադարձել էինք այն հարցին,որ օրերս Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրավոր բեռնատարները։ Հղում տալով մասնագետների խոսքին՝ հավելել էինք, որ, նրանց կարծիքով, սա պարզապես մի ընկերության դեմ քայլ չէ, այլ ուղղակի հարված է Հայաստանի տնտեսության ամենազգայուն կետին։
Այս թեման վերջին օրերին ոչ միայն հայաստանյան, այլև ռուսաստանյան մեդիահարթակների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ի մասնավորի, «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Հայաստանի գյուղմթերքի արտահանման հիմնական հոսքը կանգ է առել։ Պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի սահմանին օրեր շարունակ կանգնած են հարյուրավոր հայկական բեռնատարներ, մեծ մասը՝ «Սպայկա» ընկերությանը պատկանող։ «Ռուսաստանը ցուցադրաբար փակել է հայկական ագրոարտահանման խողովակը. սահմանին ավելի քան հարյուր բեռնատար է կանգնած առանց որևէ բացատրության», – նշված է հրապարակման մեջ։
Հոդվածում շեշտվում է, որ հենց «Սպայկան» է առանցքային դեր խաղում Հայաստանի գյուղատնտեսության մեջ։ Ընկերությունը ապահովում է մրգի ու բանջարեղենի արտահանման մինչև 70 տոկոսը, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունը պարզապես առանձին բիզնես չէ, այլ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարը։ «Եթե կանգ են առնում թեկուզ միայն «Սպայկայի» մեքենաները, դա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի տնտեսությունը կորցնում է իր գյուղատնտեսական հիմքը», – գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Պարբերականը ընդգծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե իրավիճակը սովորական է. «Երևանը շարունակում է ասել, որ որևէ պաշտոնական դժգոհություն Մոսկվայից չկա, սակայն հենց բեռնատարների կանգնեցված լինելը ավելի խոսուն է, քան ցանկացած հայտարարություն. Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համբերությունը Հայաստանի երկակի քաղաքականության հանդեպ սպառվում է»։
Նշվում է, որ դեռ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիել յանը զգուշացրել էր՝ հարյուրավոր հայկական բեռնատարներ վերադարձվել են սահմանից։ Սակայն կառավարությունը փորձել էր իրավիճակը քողարկել։ «Նրանք հայտարարում էին, թե բոլոր մատակարարումները ընթանում են ըստ ծրագրի, բայց ներկա ճգնաժամի ծավալը ցույց տվեց իրականությունը. ամեն օր ավելանում է կանգնեցված մեքենաների թիվը, իսկ պաշտոնյաների հայտարարությունները վերածվում են ֆարսի»,-գրում է պարբերականը։
Հոդվածում բերվում են նաև թվեր. միայն այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել ավելի քան 103 հազար տոննա միրգ ու բանջարեղեն՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։ Նշվում է նաև, որ ծաղկի արտահանումը նույնպես գրեթե կրկնապատկվել է։ Այսինքն, հայկական տնտեսությունը բառացիորեն կախված է ռուսական շուկայից։