Ո՞ւր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր, այս պահին էլ համախմբում չի լինի


Ո՞ւր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր, այս պահին էլ համախմբում չի լինի
Օգոստոս 26 10:53 2025

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Մամուլում և սոցիալական ցանցերում երեկվա հրապարակումներն ու ահազանգերը գույժի նման սթափեցնող են: «Վերանորոգման» անվան տակ սկսվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդումը։

 

Պաշտոնական ձևակերպումն է՝ «մեկ տարվա շինարարություն», սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, այդ շինարարությունը երբեք էլ չի ավարտվի։

 

Ակնհայտ է զուգադիպության ոչ պատահականությունը։ Մի կողմից՝ Ալիևի հետ ԱՄՆ-ում ստորագրված կեղծ խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից՝ սրա ստորագրման անմիջապես հաջորդ օրը սկսված «վերանորոգումը»։ Միջազգային քաղաքականության լեզվով սա ուղերձ է՝ Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք կասկածի տակ են դնում մեր ազգային հիշողության և ինքնության հիմնասյուները։

 

Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը։ Եվ այսօր դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել մեր ազգային հիշողության ամենակարևոր խորհրդանիշի՝ Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը։ Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»։

 

Սա արդեն միայն մշակութային ժառանգության հարց չէ։ Սա պետականության և ինքնիշխանության հարց է։ Քանդելով հիշողության խորհրդանիշը՝ մեզ պարտադրում են հրաժարվել մեր պատմական շարունակականությունից և ընդունել պարտադրված «խաղաղության» օրակարգը։

 

Ու՞ր եք քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր և մտավորականություն: Այս պահին է՞լ համախմբում չի լինի հասարակական լայն դիմադրության ցուցադրմամբ։ Ծիծեռնակաբերդի յուրաքանչյուր քարը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ հայ ժողովրդին»։