«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օգոստոսի 24-ին Կապանում տեղի ունեցավ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տարեկան աշխատաժողովը, որն ընդունված է ամենամյա դեսպանահավաք անվանել։ Նման հավաքներ տեղի են ունեցել Դիլիջանում, Ջերմուկում եւ այլուր, թերեւս հասկանալի է՝ ինչու էր այս անգամ Կապանն ընտրվել․ «Թրամփի ուղի» վաշինգտոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են եւ մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը:
Ինչպես ենթադրվում էր, մեր դեսպաններին կանչել էին Սյունիք, ծանոթացրել տեղանքին եւ ինստրուկտաժ արել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձեւացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու։ Հավաքին, ավանդույթի համաձայն, մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ոմանք ակնկալել են, որ գոնե այս հավաքին Փաշինյանն անկեղծ զրույց կունենա դեսպանների հետ՝ մանրամասնելով համաձայնագրի չհրապարակված նյուանսները, սակայն հավաքը ոմանց մոտ նախընտրական քարոզարշավ է հիշեցրել, որն իրականացրել է պետության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը մոտավորապես ասել է, որ, ի տարբերություն իր նախորդների, ինքն այդքան քաջություն եւ կամք ունեցավ խաղաղություն հաստատելու, մինչդեռ նախկինները միտումնավոր ձգել են հարցը, կոնֆլիկտը թողել չլուծված, թողել սերունդներին, ինչն էլ դարձել է Հայաստանի դժբախտությունների պատճառը։ Բացի այդ, նախկինները, ըստ Փաշինյանի, կտրված են եղել արտաքին զարգացումներից, անհաղորդ աշխարհաքաղաքական գործընթացներին ու, որպես կանոն, գործել են մեծ գործընթացներին դեմ, մինչդեռ ինքը վաշինգտոնյան համաձայնագիրը ստորագրելիս առաջնորդվել է աշխարհաքաղաքական մարտահրավերներով։
Մեր աղբյուրի տպավորությամբ՝ Փաշինյանի ուղերձը եղել է այն, որ իրենք աշխատանքներ տանեն իր քաջության, համարձակության առիթով, որպեսզի օտար պետության պաշտոնյաներն էլ բարձրաձայնեն իր վեհանձն գործողությունների մասին, եւ ինքը Հայաստանի հանրության մոտ տպավորություն թողնի, որ աշխարհը ողջունում է իր պես հզոր, շրջահայաց, համարձակ ղեկավարին։
Ներկաները, նախկին հավաքների պես, խորը հոգոց են հանել, սակայն կարծես որեւէ մեկը չի ընդվզել։
Դեսպանահավաքից Փաշինյանի աշխատակազմը պաշտոնապես հաղորդեց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին եւ առաջիկա ծրագրերին»։
Նախագահի գրասենյակի հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ նա թելել է Փաշինյանի ասեղը։ «Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատեւ, վճռական եւ համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի եւ մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության եւ ապագայի հնարավորությունների դուռը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական եւ ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության եւ տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան:
Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության եւ մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ, ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջեւ ավելի հստակ առաջադրանքներ է դնում»,- դեսպանահավաքի իր ելույթում ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով․ «Պետք է օգտագործել դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանին օգուտ բերող համատեղ տնտեսական նախագծերը, ներդրումային հոսքերը, գործարար կապերը եւ առեւտրային նախաձեռնությունները խթանելու համար՝ ստեղծելով խաղաղության համար տնտեսական խթաններ։
Հատկապես կարեւորում եմ նախաձեռնողական դիվանագիտության եւ փափուկ ուժի նախաձեռնությունների վրա կենտրոնացումը»: