Հայաստանից Ռուսաստան ենթակարանտինային ապրանքներով 21 բեռնատար է վերադարձվել. Россельхознадзор


Հայաստանից Ռուսաստան ենթակարանտինային ապրանքներով 21 բեռնատար է վերադարձվել. Россельхознадзор
Օգոստոս 25 23:58 2025

Россельхознадзор-ն արձագանքել է Հայաստանում «լռված» բեռնատարների մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ գործակալությունը գործում է ըստ պլանային ռեժիմի, հաղորդում է ТАСС-ը:

Օգոստոսի 22-24-ը Հայաստանից Ռուսաստան է ժամանել ենթակարանտինային ապրանքներով բարձված 146 ավտոմեքենա, որոնցից 21-ը վերադարձվել է: Մուտքի մերժման պատճառը եղել է մատակարարումների համար Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջների չկատարումը:

 

Ավելի վաղ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Վրաստանից մուտք գործելու փորձի ժամանակ հայկական ապրանքներով հարյուրավոր բեռնատարներ վերադարձվել են «Վերին Լարս» անցակետում՝ վկայակոչելով «որոշակի սանիտարական խնդիրներ»:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է այդ տվյալները՝ դրանք անարժանահավատ որակելով: «Հարգելի Գառնիկ, ստելը լավ բան չէ»,- գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում: Ըստ նախարարի՝ օգոստոսին Ռուսաստան է մտել 2427 բեռնատար, ինչն օրական միջինում կազմում է ավելի քան 101 բեռնատար: Արտահանման հիմնական մասը կազմել են խմիչքները՝ 610 բեռնատար, իսկ երկրորդ տեղում են մրգերը՝ 447 բեռնատար։