2 անշարժ գույք, 8 մլն դրամ. ինչ է հայտարարագրել գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ»


2 անշարժ գույք, 8 մլն դրամ. ինչ է հայտարարագրել գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ»
Օգոստոս 22 09:44 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը գույքային բարելավում է գրանցել 2024 թվականին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, որոնցից է Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գաղտնալսման գործը։ Նա այն դատավորն է, որը պետք է կալանք նշանակեր ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ այն դատավորը, որ «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց կալանքի փոփոխման բոլոր միջնորդությունները մերժեց։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ բնակարան եւ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։ Տրանսպորտային միջոցներ Մարգարյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 638 հազար 253 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 14 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 42 մլն 608 հազար դրամ, որից 14 մլն 693 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 3 մլն 509 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, իսկ 24 մլն 406 հազար դրամը վարկ է «Արդշինբանկ»-ից։ Վաչե Մարգարյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 502 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Դատավորը վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 926 հազար դրամ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: