Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»


Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»
Օգոստոս 19 10:15 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «30 տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ծառայելուց հետո՝ 2023 թվականին Կոլյա Միքաելյանը ստանձնել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Համակարգը լքելուց հետո սա Միքաելյանի առաջին պաշտոնն էր։ Կոլյա Միքաելյանը ամենաստվերային մարզպետն է, ում հաճախ չէ, որ կարող ենք տեսնել մամուլի հրապարակումներում կամ ելույթներ ունենալիս։ Նա ԱԱԾ պահեստազորի գնդապետ է։ Պարգեւատրվել է ՀՀ ԱԱԾ եւ ՊՆ պատվոգրերով, կրծքանշաններով եւ շքանշաններով։ 1995 թվականին անցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ-ական մարզպետը: Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Կոլյա Միքաելյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս Վայք համայնքում։ Գույքերը ձեռք են բերվել 2005 թվականին։ Միքաելյանը 2024 թվականի տարեսկզբին հայտարարագրել է VAZ մակնիշի մեկ մեքենա, տարվա ընթացքում ձեռք է բերել նաեւ LEXUS մակնիշի մեքենա, որն արժեցել է 12 մլն դրամ։ Միքաելյանը տվյալ տարվա ընթացքում օտարել է HYUNDAI մակնիշի մեքենան, որը իր հայտարարագրում մինչ այդ առկա չի եղել. վաճառել է այն 3 մլն դրամով։ Տարեվերջին Միքաելյանն ունեցել է երկու՝ VAZ եւ LEXUS մակնիշի մեքենաներ։ Մարզպետի բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,2 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 950 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4,5 մլն դրամ։ Գնդապետ մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: