Բաքուն փորձում է հող պարարտացնել Սյունիքում իր ներկայության ընդլայնման լեգիտիմացման համար. Վահե Դավթյան


Բաքուն փորձում է հող պարարտացնել Սյունիքում իր ներկայության ընդլայնման լեգիտիմացման համար. Վահե Դավթյան
Օգոստոս 15 21:47 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ ՛՛Թրամփի երթուղին՛՛ թույլ կտա էապես բարձրացել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:

Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է:

Սակայն ՛՛գետնի վրա՛՛ ունենք ճիշտ հակառակ պատկերը:

Եթե այս մոտեցումն աշխատեր, ապա նույն արևմտյան կապիտալի առկայությունը կզսպեր Նիգերում, Սուդանում, Թայլանդում և բազմաթիվ այլ ՛՛եռման կետերում՛՛ տարատեսակ հակամարտությունների զարգացումը:

Հեռու չգնանք:

2005 թ. մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Բաքու-Թբիիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը բացառում է Արցախյան հիմնահարցի ռազմական լուծումը: Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ զինված հակամարտություններն այլևս քիչ հավանական են: Այս հայտարարության կոնցեպտուալ հիմքը նույնն է՝ ՛՛միջազգային կապիտալը թույլ չի տա՛՛:

Դժվար չէ կռահել, թե ինչ դեր ունեցավ այդ նավթամուղը, ինչպես նաև 2020 թ.-ին շահագործման հանձնված ՛՛Հարավային գազային միջանցքը՛՛ միջազգային պրոադրբեջանական լոբբիստական համակարգի ձևավորման և, ի վերջո, Արցախի հայաթափման գործում:

Այժմ էլ ՛՛Թրամփի երթուղու՛՛ առանցքային շահառուն՝ Բաքուն փորձում է ներկայացնել նոր հաղորդակցությունը որպես Արևմուտքը Արևելքին կապող կարևոր հանգույց՝ դրանով իսկ հող պարարտացնելով հետագայում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար՝ կասեցնելով տարածաշրջանում իրական ապաշրջափակման բոլոր փորձերը:

Դա, իր հերթին, լիովին տեղավորվում է արևմտյան մի շարք դերակատարների, ինչպես նաև Անկարայի ու Թել-Ավիվի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը փոխելուն ուղղված նկրտումների մեջ: