Հակաքարոզչություն՝ Նարեկ Մկրտչյանի դեմ․ «Հրապարակ»


Հակաքարոզչություն՝ Նարեկ Մկրտչյանի դեմ․ «Հրապարակ»
Օգոստոս 13 08:09 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել եւ «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության դեմ:

Հիմնական փաստարկն այն է, որ ձախողված նախարարը չի կարող դեսպան նշանակվել կարեւորագույն երկրում։ Նրա նշանակմանը խանգարում է նաեւ այն, որ նա Սուրեն Պապիկյանի սանիկն է:

Նարեկ Մկրտչյանի դեմ հատկապես աշխատում է ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցի շրջապատը: Ի դեպ, Մակունցի պաշտոնավարման չորս տարին լրացել է օգոստոսի 2-ին, մենք գրել էինք, որ նա ստիպված է հետ վերադառնալ, սակայն վաշինգտոնյան հանդիպումը հետաձգեց դա:

Հիմա էլ քննարկում են նրա պաշտոնավարումը երկարացնելու հարցը` օրենքը թույլ է տալիս երկարաձգել։ Ոմանք համարում են, որ վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո տրամաբանական կլինի, որ հենց Մակունցն էլ շարունակի դեսպանի առաքելությունը, չէ՞ որ ՔՊ-ականներն այդ համաձայնագիրը որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացնում։ Ուշագրավ է, որ Նարեկ Մկրտչյանն ընդգրկված էլ չէր վաշինգտոնյան պատվիրակության կազմում, մինչդեռ, տրամաբանորեն, ապագա դեսպանը պետք է ուղեկցեր Փաշինյանին:

Փոխարենը, չգիտես ինչու, մեկնել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության ողջ կազմը, ի դեպ, ժամանակին Քամալա Հարիսին էր պաշտպանում` ընդդեմ Թրամփի: