«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։ Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հայցի ներկայացումը պայմանավորված է ՀՀ դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցով, որով վերջինս պահանջում է անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը նշված շենքի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նվիրատվության պայմանագիրը բացակայում է։ Հիշեցնենք, որ շենքն Արցախի Հանրապետությանը հանձնվել է դեռեւս 1997 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ։
Փաստացի, իշխանությունը որոշել է արցախցիներից «խլել» իրենց, այսպես ասած, վերջին հանգրվանը։ 44-օրյա պատերազմից եւ Արցախի հայաթափումից հետո ներկայացուցչության շենքը միակ վայրն է, որտեղ հավաքվում են արցախցի պաշտոնյաները, գործիչները, կապ է ստեղծվում Արցախի ժողովրդի միջեւ։ Իշխանության այս քայլը քաղաքական հարված է, քանի որ այն միայն վարչական տարածք չէ, այլեւ ազգային հիշողության, ինքնության եւ պետականության խորհրդանիշ։ Այն հուշում էր, որ, անկախ բոլոր ճգնաժամերից ու պարտություններից, Արցախը դեռ գոյություն ունի որպես քաղաքական սուբյեկտ։
44-օրյա պատերազմի եւ Արցախի հայաթափումից հետո այս շենքը մնաց վերջին իրական կամ նույնիսկ հոգեբանական հենակետը, որտեղ արցախցիները կարող էին հավաքվել, քննարկել, պահել միմյանց հետ կապերը, հիշել իրենց հայրենիքը եւ հիշեցնել մյուսներին, որ մի ողջ պետություն հնարավոր չէ պարզապես քարտեզից ջնջել։ Այժմ իշխանությունը փաստացի փորձում է վերացնել այդ վերջին խորհրդանիշը՝ այն ներկայացնելով որպես սովորական վարչական գույք։