Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»


Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»
Օգոստոս 5 09:25 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական առողջապահության գործակալության պետ Սամվել Խարազյանը այս տարվա հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը մի տարօրինակ գրառմամբ է հանդես եկել, որի առիթով հասարակական կազմակերպություններից մեկը դիմել է ԱՆ գլխավոր քարտուղարին` պահանջելով ծառայողական քննություն սկսել քաղծառայողի բարեվարքությունը ստուգելու պահանջով:

Պետական պաշտոնյան գրել է. «Բրիտանացի գիտնականները բացահայտել են նոր վիրուսային հիվանդության արագ մուտացվող տեսակ՝ տնօրենացավ կամ նույն ինքը ղեկավարացավ։

Չնայած թվում էր, թե դրա տարածումը կանխվել էր դեռ 2018 թ․-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, բայց արի ու տես, որ այն մուտացվել է եւ ի հայտ եկել նոր շտամներով։

Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է իր ողջ գործիքակազմը վիրուսի դեմն առնելու համար, հիմնականում որպես արդյունավետ միջոց են ծառայում հակաճիճվային դեղերը»:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին` հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն` քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»:

Կարճ ասած՝ պաշտոնյայի անհարիր վարքագիծը քննելու հարցը կախված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բարեհաճությունից:

Հիշեցնենք, որ սա այն նույն Սամվել Խարազյանն է, որը, ըստ «Հրապարակի», եղել է նախարար Անահիտ Ավանեսյանի` ՊԱԳ-ի նոր տնօրենի թեկնածուն և չի կարողացել հաղթահարել Պետական առողջապահական գործակալության տնօրենի համար հայտարարված մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Այն, ի դեպ, կազմված է եղել մրցույթի մասնակիցներին նախօրոք տրամադրվող եւ հիմնականում առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի մասին հարցերից։

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի հետեւանքով։ Ի թիվս այլ պաշտոնյաների՝ նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, քննությունից հետո կարճվել է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: