Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Աշտարակի վարչական տարածքում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ Աշտարակի վարչական տարածքում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Օգոստոս 4 20:00 2025

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ապա պատգարակներով մոտեցրել շտապօգնության մեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։