«Առավոտ»-ը Մամուլի տնից դուրս հանելու՝ ՔՊ-ական իշխանության որոշումը ոչ միայն հակաիրավական է, այլև մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի քայլ․ Իրավապաշտպան


«Առավոտ»-ը Մամուլի տնից դուրս հանելու՝ ՔՊ-ական իշխանության որոշումը ոչ միայն հակաիրավական է, այլև մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի քայլ․ Իրավապաշտպան
Օգոստոս 2 22:33 2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շեշտում է՝ ՔՊ-ական իշխանության կողմից «Առավոտ» օրաթերթի դեմ ուղղված քայլը ոչ միայն հակաիրավական է, այլև հակաբարոյական։

«Ինչ ինձ հիշում եմ՝ հիշում եմ նաև «Առավոտ»-ը։ Այդ լրատվականը իր հանդարտ ընթացքով, դասական լրագրության վարքականոնով, միշտ ընկալվել է որպես կայունության կղզյակ։ Ուստի հնարավոր է չսիրել, չհարգել այս կամ այն «առավոտականին»՝ գլխավոր խմբագրից մինչև լրագրող, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր չհարգել «Առավոտ»-ը՝ որպես պատկառելի ավանդույթ ու ճանաչելի դիմագիծ ունեցող կառույց։

Այս առումով «Առավոտ»-ը Մամուլի տնից դուրս անելու՝ ՔՊ-ական իշխանության որոշումը համարում եմ ոչ միայն հակաիրավական, այլև մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի քայլ։ Միաժամանակ, այդ քայլը համարում եմ ՔՊ-ին խիստ բնորոշ, քանի որ գործ ունենք իրավունքը չհարգող, մարդկայնորեն ցածր ու հանրայնորեն զազրելի մարդկանց հետ, որոնք թերևս ֆիզիկական հաճույք են ստանում իրենց բաժին հասած ժամանակավոր իշխանությունը չարաշահելուց»։