Իսպանիայի Ալբորայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Իսպանիայի Ալբորայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Օգոստոս 1 15:19 2025

Իսպանիայի Ալբորայա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է orer.eu-ն։

 

Ալբորայան դարձել է Իսպանիայի 43-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի 6 կուսակցությունները` իշխանություն կազմող Սոցիալիստական կուսակցությունը (PSOE) և «Կոմպրոմիս»-ը (Compromís), Ժողովրդական կուսակցությունը (PP ), ՎՈՔՍ-ը (VOX), «Ալբորայա ակտուա»-ն (Alboraya actúa) և Ձախ միությունը (Esquerra Unida-Unides Podem per Alboraya) միաձայն կողմ են քվեարկել Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա «Կոմպրոմիս»-ի ներկայացրած հայտարարությունը, որը ներկայացրել է կուսակցության խոսնակ Կոնչա Վիյենա Սիեռան:Վերջինս, հակիրճ ներկայացնելով Ցեղասպանության պատմությունը, կարևորել է քաղաքի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունն իր անունով կոչելու և այն պաշտոնապես ճանաչելու փաստը։

 

Վիյենայի խոսքին հետևել են բոլոր կուսակցությունների խոսնակների ելույթները, որոնցում նրանք դատապարտել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանությունը, կարևորել են աշխարհի բոլոր երկրների կողմից այն ճանաչելու անհրաժեշտությունը և Թուրքիայի կողմից վնասների փոխհատուցումը։

 

Նիստին ներկա է եղել «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, որը իր խոսքում շնորհակալություն է հայտնել քաղխորհրդի բոլոր անդամներին, նշելով, որ կարևոր է այն փաստը, որ մարդկության դեմ հանցանքի հարցերին ի պատասխան` կուսակցությունների տարաձայնություններն ու գույները միավորվում են։

 

Ալբորայայի քաղխորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել օգնել Իսպանիայի հայ համայնքին` հարցը հասցնելու այլ կառավարություններ, այդ թվում նաև` Իսպանիայի խորհրդարան։