6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում


6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում
Հուլիս 30 21:06 2025

Կուրիլյան կղզիներում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 178 կմ հեռավորության վրա, գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղին։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 68 կմ խորության վրա։

Նշենք, որ Կամչատկայի մերձակայքում հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 11:24-ին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը ամենաուժեղն է դարձել 1952 թ.-ից ի վեր։ Դրա մագնիտուդը հասել է 8,7-ի, ըստ այլ աղբյուրների՝ 8,8-ի։ Կամչատկայում և Հյուսիսային Կուրիլներում անմիջապես հայտարարվել է ցունամիի տագնապ։

Սևերո-Կուրիլսկ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրաշարժից հետո։ Քաղաքում վնասվել են աղյուսե ծխնելույզները, հնարավոր է նաև՝ ինժեներային ցանցերը, երկրաշարժի ժամանակ կոտրվել են քաղաքի բազմաթիվ բնակիչների կահույքն ու սպասքը։

Պարամուշիր կղզում, որտեղ գտնվում է Սևերո-Կուրիլսկը, Կամչատկայի մերձակայքում հզոր երկրաշարժից հետո ցունամիի չորս ալիք է հասել. Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և ձկնարդյունաբերական օբյեկտները հեղեղվել են, ալիքները փոքր նավեր են դուրս բերել ծով, մի քանիսն էլ ափ են նետվել։ Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը նավեր ընդունելու և ուղարկելու համար փակ է մինչև ցունամիի հետևանքների ուսումնասիրությունը։