Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները․ «Փաստ»


Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները․ «Փաստ»
Հուլիս 29 09:50 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է 6,3 %-ով, ինչը նկատելի անկում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի 10,4 % աճի համեմատ: Այս միտումը, որը վկայում է տնտեսական դինամիկայի թուլացման մասին, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առավել ակնառու են արդյունաբերության հատվածի կտրուկ անկումը, արտաքին առևտրաշրջանառության կրճատումը և առանձին ոլորտների աճի տեմպերի դանդաղումը: Սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը, դրսևորել են դրական դինամիկա՝ մեղմելով ընդհանուր անկման ազդեցությունը: Այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, որ տնտեսության այս հատվածների աճը կշարունակվի պահպանվել։

2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության հատվածի կտրուկ անկմամբ: Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում այս հատվածը գրանցել էր 18,2 % աճ, ապա 2025 թվականին այն անկում է ապրել 12,1 %-ով, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է։ Այս անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Նախ՝ 2024 թվականի բարձր աճը մեծապես պայմանավորված էր արտաքին պահանջարկի ժամանակավոր աճով, մասնավորապես որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի վերաարտահանման բարձր ծավալներով: Սակայն 2025 թվականին համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների անկայունությունը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև վերաարտահանման պատուհանների փակվելը հանգեցրին արդյունաբերական արտադրության ծավալների կրճատմանը: Բացի այդ, ներքին արտադրական կարողությունների սահմանափակումները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների բարձր ծախսերը և տեխնոլոգիական հետամնացությունը, նույնպես բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Այս ամենը խորացվել է արտաքին առևտրի կտրուկ անկմամբ, ինչը սահմանափակել է արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը միջազգային շուկաներում:

Արտաքին առևտրաշրջանառության 45 %-ով կրճատումը 2025 թվականի առաջին կիսամյակում (3,8 տրիլիոն դրամ կամ 9,7 միլիարդ դոլար) նույնպես կարևոր գործոն է եղել տնտեսական աճի դանդաղման համար: Ի տարբերություն 2024 թվականի, երբ արտահանումը աճել էր 2,3 անգամ, իսկ ներմուծումը՝ 86,5 %-ով, 2025 թվականին արտահանումը նվազել է 52,8 %-ով, իսկ ներմուծումը՝ 38,6%-ով: Այս կտրուկ անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Առաջին հերթին մեծ նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունները, այդ թվում՝ խոշոր տնտեսություններում դանդաղումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, ներառյալ առևտրային պատերազմները, որոնք բացասաբար են ազդել նաև Հայաստանի արտահանման հիմնական շուկաների վրա: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը, որը մեծապես կախված է հանքանյութերից, թանկարժեք մետաղներից և գյուղատնտեսական ապրանքներից, խոցելի է գների տատանումների նկատմամբ: 2025 թվականին այդ ապրանքների գների անկումը համաշխարհային շուկաներում նվազեցրել է արտահանման եկամուտները: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա դրա կրճատումը մասամբ պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ, որն, իր հերթին, կապված է սպառողների վստահության նվազման և գնողունակության անկման հետ: Չնայած առևտրի հատվածը պահպանել է առաջատար դիրքը բացարձակ մեծությամբ՝ 2,95 տրիլիոն դրամ (7,5 միլիարդ դոլար), բայց դրա աճի տեմպերի կտրուկ նվազումը ցույց է տալիս ներքին սպառման դինամիկայի թուլացումը: Սա կարող է պայմանավորված լինել նաև այնպիսի ներքին գործոններով, ինչպիսիք են գնաճի մեծացող ճնշումը, աշխատավարձերի աճի դանդաղումը կամ ստագնացիան, քաղաքացիների անվստահությունը ապագայի նկատմամբ, խնայելու միտումը և այլն։ 2024 թվականին առևտրի ոլորտի բարձր աճը մեծապես կապված էր վերաարտահանման ծավալների ավելացման հետ, ինչը ժամանակավոր բնույթ էր կրում և չէր կարող երկարաժամկետ կտրվածքով պահպանվել:

Այս համատեքստում տնտեսական ակտիվության վերականգնումը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառյալ արդյունաբերական արտադրության խթանումը, արտահանման դիվերսիֆիկացումը և ներքին պահանջարկի մեծացման համար պայմանների ստեղծումը: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անորոշությունները, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար պետք է կենտրոնանա ներքին ռեսուրսների օպտիմալ օգտագործման և մրցունակության բարձրացման վրա:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։