Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»


Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»
Հուլիս 25 08:53 2025

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն:

 

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝

 

չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,

 

չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,

 

չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,

 

չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

 

չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

 

չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,

 

որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

 

Նշենք, որ Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը եւ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

 

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, եւս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս եւս դիմել է արբիտրաժային դատարան»։