«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել


«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել
Հուլիս 3 10:46 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել:

 

Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով հաջորդ օրը՝ հագուստի մեջ թաքցրած, ապօրինի կերպով տեղափոխել է հիշյալ քրեակատարողական հիմնարկ: Պաշտոնատար անձը, սակայն, չի կարողացել մուտք գործել հիմնարկի տարածք, քանի որ մինչ այդ ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից, ովքեր վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերել են թմրամիջոցը:

 

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Նույն ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-396-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: