Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը երբևէ չէր պատկերացնի, որ մի օր ՀՀ իրավապահները կներխուժեն Մայր Աթոռի տարածք։
«Ես բացարձակապես անընդունելի եմ համարում այդ գործողությունները, միևնույն ժամանակ, անընդունելի եմ համարում հարցը կուսակցականացնելը։ Փորձում էին հարցը քաղաքականացնել։ Ես շատ ուրախ եմ, որ Միքայել Սրբազանը ճիշտ հայտարարությամբ հանդես եկավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Սրբազանը։
Սրբազանի խոսքով՝ հայ եկեղեցին երբևէ որևէ ուժի, որևէ քաղաքական կուսակցության կամ իշխանության ձեռքին գործիք չի դառնալու։
«Բոլոր հարցերը, որոնք մտահոգում են մեր ազգին, դրանց վերաբերյալ մենք դիրքորոշում հայտնել ենք ու շարունակելու ենք հայտնել, բայց որևէ մեկի մտքով չանցնի՝ մեզ գործիք դարձնել։ Մենք ավելի լավ է մնանք հալածվող եկեղեցի, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք, անընդհատ դառնալու ենք»,- ընդգծեց Գևորգ Սրբազանը։
Մասյացոտնի թեմի առաջնորդը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը պետք չէ կապել միայն Վեհափառ Հայրապետի հետ, դա արշավ է հայ եկեղեցու դեմ։
«Խնդրում եմ՝ մի կենտրոնացեք Վեհափառի անձի վրա, Վեհափառն իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է։ Մեզ համար Վեհափառ Հայրապետը միշտ եղել է ներշնչման աղբյուր, որովհետև Վեհափառ Հայրապետի օրոք հայ եկեղեցին աննախադեպ զարգացում է ապրել»,- նշեց Գևորգ Սրբազանը։