«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին նախատեսված էր, որ Ազգային ժողովում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած երեք թեկնածուների հարցը՝ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի, որոնցից մեկը պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում։ Սակայն հարցի քննարկումը անսպասելիորեն հետաձգվեց մինչև առաջիկա արտահերթ նիստ։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունը միտումնավոր է գնացել այս քայլին։ Պատճառը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հնարավոր ելույթն էր ԱԺ ամբիոնից, որը, ըստ աղբյուրների, կարող էր վերածվել կոշտ հակադրման։ Ընդդիմությունը, ինչպես տեղեկանում ենք, պատրաստվում էր օգտագործել պահը՝ հրապարակայնորեն քննադատելու Սամվել Կարապետյանի հանիրավի կալանավորումը, որը հանրության շրջանում արդեն մեծ արձագանք է առաջացրել և իշխանության նկատմամբ բացասական տրամադրվածություն։
Դատական համակարգի թեման քաղաքական դաշտում շարունակում է մնալ լարվածության օջախ, իսկ իշխանությունները, ըստ ամենայնի, այս փուլում նախընտրում են խուսափել ուղիղ բախումներից։ Դրա համար ԲԴԽ նախագահն ու դատավորի թեկնածուները արագ ու լուռ հեռացան ԱԺ-ից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: