Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է


Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է
Հունիս 18 18:50 2025

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: