ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Պատգամավորը նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան 43 հազար քաղաքացի բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով։
«Բնականաբար, մենք նպատակ չունենք նրանց դատապարտելու ազատազրկման, բայց նրանց մի մասը, որոնց վերաբերյալ կրկնակի փորձաքննությունը եզրակացություն կտա, որ չունեն առողջական խնդիր ու ազատվել են, եթե զորակոչվեն բանակ՝ չեն դատապարտվի»,- ասաց Սարգսյանը։
Նա նշեց, թե բանակի հետ կապված շատ անարդար իրավիճակ է Հայաստանում։
«Օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որը կա։ Ունենք ԱԺ-ում պատգամավորներ, որոնց զավակներն այսօր դպրոցում վերջին դասարանում են ու այս կամ ձմեռային զորակոչին պետք է զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության, ունենք պատգամավորի զավակ, որը դասարանում միակ ՀՀ քաղաքացին է, փաստացի, դպրոցն ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, սա արդա՞ր է»,-նշեց ՔՊ-ականը։
Սարգսյանի խոսքով՝ մեկ պատգամավոր էլ կա, ում որդին միակն է դասարանում, որ զորակոչվելու է բանակ, մնացած 12 տղաները կամ ՀՀ քաղաքացի չեն, կամ ուրիշ ճանապարհով լուծել են իրենց հարցերը։
«Մենք պետք է այնպես անեք, որ նվազագույնի հասցնենք կոռուպցիոներների գործունեությունը ու տանք խրախուսանք, որ մեր այս քաղաքացիները ոչ թե արտագաղթի ճանապարհը բռնեն, այլ՝ գան ու ծառայեն մեր ԶՈՒ-ում»,- հավելեց Հայկ Սարգսյանը։