Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը․ Արտակ Զաքարյան


Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը․ Արտակ Զաքարյան
Հունիս 13 10:17 2025

 

 

 

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին «Ամ կա լավի» (ժողովուրդն ինչպես առյուծ) գործողության մեկնարկի մասին, որը նպատակ ունի թիրախավորել Իրանում ռեժիմի միջուկային ծրագիրը և հեռահար հրթիռների արձակման հնարավորությունները։ Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։

 

«Առաջին հարվածները հասցրել են Իսրայելի ՌՕՈւ բազմաթիվ ինքնաթիռներ՝ Իրանի տարբեր մասերում գտնվող մի քանի տասնյակ ռազմական թիրախների՝ ստրատեգիական ենթակառույցների, հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, շտաբների և միջուկային օբյեկտների վրա։

 

Ըստ իսրայելական կողմի՝ երեք հիմնական գործոններ են պատճառ դարձել ռազմական օպերացիայի իրականացման համար.

 

Առաջին գործոնն այն է, որ Իրանն արագորեն մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը։ Այն արդեն ունի բավարար հարստացված ուրան՝ 15 միջուկային ռումբերի համար, և իրանցի գիտնականներն արդեն աշխատում են բաղադրիչների հավաքման վրա։ Ըստ հրեական կողմի՝ իրանական միջուկային նախագիծը գտնվում է այնպիսի փուլում, որն իրենց ստիպել է չհապաղել և չուշացնել արձագանքը։

 

Հաջորդ պատճառն Իրանի բալիստիկ հրթիռների քանակներն են, որոնց թիվը կրկնապատկելու կամ եռապատկելու ծրագրեր կան հաջորդ տարվա ընթացքում: Ըստ իսրայելական կողմի՝ իրենց համար դա ինքնին գոյության սպառնալիք է, նույնիսկ, եթե հաշվի չառնեն միջուկային ծրագիրը։

 

Եվ երրորդ պատճառը՝ զենքի և զինամթերքի ակտիվ փոխանցումն է տարածաշրջանում գտնվող պրոքսի ուժերին։

 

Ըստ Իսրայելի պաշտոնական վարկածի, Իրանը մշակել է Իսրայել պետությունը ոչնչացնելու ծրագիր՝ իրանական բոլոր ճակատներից զանգվածային և ճշգրիտ կրակի կիրառման, տարբեր ուղղություններից բեռնատարներով ցամաքային ներխուժման, ինչպես նաև հարևան Հորդանանում և Եգիպտոսում ներքին կայունության խաթարման և հարաբերությունների լարման միջոցով։

 

Թել Ավիվը պատրաստել է գործողության, որը կարող է տևել առնվազն մի քանի օր: Ակնկալում են նաև ինտենսիվ հրետակոծություն Իրանից: Հաստատվել է ԱՄՆ զինված ուժերի հետ համակարգումը և ներդաշնակեցումը: ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ թեկուզ ԱՄՆ ներգրավված չէ հարվածների հասցնելու գործում, սակայն իրենք կպաշտպանեն Իսրայելին (եթե կանչեն), ինչպես նաև հույս է հայտնել, որ Իրանը կվերադառնա խաղաղ բանակցություններին:

 

Ըստ միջազգային լրահոսի նախնական գնահատականների՝ առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար՝ թե՛ մասշտաբով, թե՛ աշխարհագրությամբ։ Իրանը բնականաբար նախաձեռնելու է պատասխան հարված, որը ենթադրվում է՝ չի ուշանա: Արդեն, իսկ կա տեղեկատվություն, որ Իրանը շուրջ 100 ԱԹՍ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ:

 

Իրանը շարունակում է առաջ մղել միջուկային ծրագիրը, իսկ Իսրայելի գործողությունները խոսում են այն մասին, որ կողմերը հասել են անդառնալիության կետին: Թեկուզև խոսվում է ընտրված թիրախների դեմ հարվածային օպերացիան մեկ շաբաթում ավարտելու մասին, սակայն այս ռազմական գործողությունը տարածաշրջանային մասշտաբով բախումների վերածվեու բավարար պոտենցիալ ունի: Այդ պարագայում մեր երկիրը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում: Սա առանձին թեմա է:, որին պետք է միշտ պատրաստ լինել:

 

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Օմանի Մասկատում, այս կիրակի՝ հունիսի 15-ին, ինչն այս պահին չի չեղարկվել: Սա դեռևս բաց պատուհան է խաղաղ բանակցությունները շարունակելու համար և հուսանք, որ այն կնպաստի ռազմական գործողությունների դադարեցմանը և չծավալվելուն»,-նշել է Զաքարյանը: