Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին՝ կոտրելով այն, և եթե երկաթե արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան մոտ 200 մետր կգլորվեր ձորը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտաշես Ղազարյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: