Ադրբեջանի հետ ապաշրջափակման դեպքում Հայաստանը պատրաստ է մաքսային վերահսկողություն կազմակերպել, մենք սցենարներին պատրաստ ենք. ՊԵԿ նախագահ


Ադրբեջանի հետ ապաշրջափակման դեպքում Հայաստանը պատրաստ է մաքսային վերահսկողություն կազմակերպել, մենք սցենարներին պատրաստ ենք. ՊԵԿ նախագահ
Հունիս 9 15:41 2025

Ադրբեջանի հետ սահմանի բացման ու ապաշրջափակման դեպքում Հայաստանը պատրաստ է մաքսային վերահսկողություն կազմակերպել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հարցին՝ ապաշրջափակման մասին բանակցություններում Հայաստանն ի՞նչ տարբերակներ է առաջարկում Ադրբեջանին երկաթգծով բեռներն Ադրբեջանի տարածքից ՀՀ տեղափոխելու համար՝ նա պատասխանեց, որ ՊԵԿ-ի խնդիրը մաքսային վերահսկողություն կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։

«Եթե խոսում ենք, օրինակ, ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել: Ես հստակ ասել եմ՝ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք, օրինակ, Մարգարայի անցակետը, ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային վերահսկողությունն իրականացնել»,- նշեց Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ եթե, օրինակ, տեսնեն, որ Ադրբեջանից եկող բեռն ունի խնդիր, կարող են ստուգել այդ բեռը, թույլ տալ կամ չտալ անցնել։

«Մենք մեր իրավասությունների շրջանակներում մաքսիմալ վերահսկողությունն անելու ենք այնպես, ինչպես հիմա անում ենք ցանկացած մյուս դեպքերում, օրինակ՝ Իրանի, Վրաաստանի»,- հավելեց ՊԵԿ նախագահը։