2024-ին ունեցել ենք 5,1 տոկոս հարկային եկամուտների աճ, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ՝ 0,5 տոկոս նվազում. ՊԵԿ նախագահ


2024-ին ունեցել ենք 5,1 տոկոս հարկային եկամուտների աճ, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ՝ 0,5 տոկոս նվազում. ՊԵԿ նախագահ
Հունիս 9 11:25 2025

2024-ին ունեցել ենք 5,1 տոկոս հարկային եկամուտների աճ, կամ 117 միլիարդ դրամով աճ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Եթե փորձենք բաժանել երկու մասի՝ հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրումները, ապա առաջինի դեպքում ունենք 11,2 տոկոսանոց աճ, որն առաջանցիկ է մեր տնտեսության աճի տեմպերից։ Իսկ երկրորդ դեպքում՝ մաքսայինի կողմից, ունենք 15 տոկոսանոց անկում»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ դա նշանակում է՝ սահմանային հավաքագրումների կամ ներմուծման մեջ որոշ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ են։ «Հիմնական մասը ավտոմեքենաներն են։ Նախորդ տարիներին բավական մեծ աճ ունեինք ավտոմեքենաների ներմուծման ոլորտում, և այդ բարձր բազայի վրա արդեն 2024 թվականին տեղի ունեցավ նվազում»,- ասաց նա։

Հակոբյանի ներկայացմամբ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ տեղի է ունեցել մոտ 0,5 տոկոսային կետի նվազում, սակայն դա չի նշանակում, որ ստվերի կրճատման տեմպերն են նվազել։

«Հարկեր-ՀՆԱ նվազման պատճառներից մեկը, ինչպես ասացի, կապված է ներմուծման նվազման հետ։ Երկրորդը՝ ժամանակային լագն է։ Այսինքն՝ երբ է ձևավորվում տվյալ ոլորտի ԱԱՀ-ն և երբ է վճարվում դրա հարկը։ Կա երկու ոլորտ, որոնք վերջին տարիներին ունեցել են բարձր աճի տեմպեր՝ բանկային համակարգը և շինարարությունը, որոնց հարկային մուտքերն ավելի տեսանելի են դառնում այս տարի։ Այսինքն՝ առկա է տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճի և հարկային եկամուտների միջև որոշակի խզում։ Մուտքերն ուշանում են, և դա է պատճառը հարկեր-ՀՆԱ հարաբերակցության նվազման»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը։