«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։
Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։
Ստացվում է, որ այժմ Ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։
Մայիսի 25-ին ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել էր, որ նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է։ Նա նշել է, որ դա արվել է հնամաշ ենթակառուցվածքի պատճառով։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում տեխնիկական թարմացման ու միջանկյալ լուծումների ուղղությամբ։ 2024-ին արդեն տրամադրվել է ավելի քան 160 հազար ID քարտ, մինչդեռ նախորդ տարիներին այդ թիվը կազմել է տարեկան շուրջ 100-120 հազար։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք ճի՞շտ է տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը և նույնականացման քարտերի տպման ձախողված գործընթացը։ Նախարարությունից պատասխանեցին հետևյալը.
«Ամսվա սկզբին Կառավարության որոշմամբ հաստատվել են ՆՔ տպող մեքենաների ամբողջական վերազինման աշխատանքները՝ ենթակառուցվածքի թողունակությունը կրկնապատկելու նպատակով։ Այս փուլում տպագրությունը դանդաղեցված է իրականացվում՝ Ժամային սահմանափակումներով, պահանջարկը բարձր է, ինչը հանգեցնում է ուշացումների։ Հիշեցնում ենք, որ հայտարարագրման համատեքստում սա խնդրահարույց չէ։ Վերազինված աշխատանքների վերականգնման վերաբերյալ հանրային իրազեկում կիրականացվի։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Սա նշանակում է, որ նույնականացման քարտ ցանկացող քաղաքացիները դեռ երկար պետք է սպասեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: