ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»


ՔՊ վարչության նիստում Փաշինյանը պահանջել է ասելիք հավաքել. «Ժողովուրդ»
Մայիս 16 09:12 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի: Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու եւ սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմությունն էր, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը:

Դիանա Գասպարյանին ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ «հասկացվել» է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշումն ունի` պետք է հրաժարական տա Նոր Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնել է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիսին համացանցում մի սկանդալային ձայնագրություն էր տարածվել Սուրեն Պապիկյանի եւ Դիանա Գասպարյանի զրույցի բովանդակությամբ: Ձայնագրությունում Դիանա Գասպարյանը դժգոհում էր Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան` Պապիկյանը նրան հորդորում էր պահպանել հանգստություն։ Այս միջադեպը Փաշինյանը չի «մարսել» եւ հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: