«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Թվում էր, թե ՔՊ-ական ուսապարկերը միայն Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունից են դիվոտում, շեֆին իրենց հավատարմությունը ցուցադրելու նպատակով մղվում քննադատներին հոշոտելու գործին, բայց ուսապարկերի խմբակը վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր մարմնում ապացուցեց, որ Փաշինյանից ոչ պակաս կուռք էլ ունեն, որի համար պատրաստ են կուրծք ծեծել, ընդդիմադիրների կոկորդ կրծել եւ մատ թափ տալ բոլորի վրա։ Եվ այդ կուռքը վարչապետի կինն է, ոմանց կարծիքով՝ պետության դե ֆակտո վարչապետ Աննա Հակոբյանը, որին ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ ամբիոնից համարձակվել էր ասել, որ աչքի վերեւը հոնք կա։ Եվ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երեկ ՄԻՊ զեկույցի քննարկումը վերածեցին Աննա Հակոբյանին նվիրված երկրպագման ծեսի` տեղից ելնողը երախտիքի խոսքեր ու շնորհակալություն էր հայտնում նրան` «Կրթվելը նորաձեւ է» արշավի առաջնորդին, որ ազգին կրթում է, եւ խորհուրդ էին տալիս ընդդիմադիրներին, որ նրանք էլ մասնակցեն։ Իսկ Կյուրեղյանը հակակոռուպցիոն մարմնի զեկույցի քննարկման շրջանակներում նկատեց, որ իշխանության կողմից վարչական ռեսուրսն իրենց շահերի համար օգտագործելը նույնպես կոռուպցիոն դրսեւորում է, եւ բերեց «Կրթվելը նորաձեւ է» արշավի կազմակերպման օրինակը. «Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի՞, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսվում՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչո՞ւ են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը, ինչո՞ւ են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ՝ ժամացույցները»։ «Սա էլ քիչ է` Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որեւէ մեկն իրեն չի՞ ասել, որ Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը։ Փաստորեն, տգետն իր տգիտությամբ մյուսներին հանում է տգիտության ճիրաններից, խելքի աշեցեք»։
Պարզվեց` ընդդիմադիր պատգամավորի ելույթը ՔՊ-ում բազում սրտեր է խոցել, խմբակցության ղեկավարից մինչեւ շարքային դասալիք իրենց պարտքը համարեցին ամբիոնը ճոճել հանուն վարչապետի կնոջ։ Ամենասրտառուչը, սակայն, կապանցի նախկին ուսուցչուհի Մարինա Ղազարյանի պատմությունն էր. տիկինը, որ տասնամյակներ շարունակ սերունդներ է կրթել, պարզվում է՝ մասնակցելով Հակոբյանի արշավին, մեծ հիացմունք է ապրել․ «Ինձ բախտ է վիճակվել մասնակցել «Կրթությունը նորաձեւ է» արշավին, եւ այստեղից ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել տիկին Աննա Հակոբյանին եւ հիացած եմ եղել դասախոսություններից` տիկին Աննա Հակոբյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի»։ Ցավով արձանագրեց՝ քանի որ տիկին Աննա Հակոբյանը չի սիրում, որ արշավը քաղաքականացվի, ինքն այլեւս չի կարող մասնակցել ու ունկնդրել նրա դասախոսությունները, սակայն բարեհաճ գտնվեց` ընդդիմադիրներին խորհուրդ տվեց գրանցվել ու հաճույք ստանալ․
«Հարգելի ընդդիմադիրներ, մի խորհուրդ տամ․ կարող եք ընդունել, կարող եք՝ ոչ, կարող եք մեկ անգամ էլ դուք գնաք։ Գիտեք՝ տիկին Աննա Հակոբյանը չի սիրում, որ քաղաքականացված լինի այդ միջոցառումը, եւ դրա համար ես մեկ անգամ եմ մասնակցել եւ ուզում էի լսել, թե ինչ դասախոսություն է արվելու, իմ գործընկերներից մեկն ասաց՝ գիտե՜ք ինչ բավականություն ենք ստացել, ի՜նչ գիտելիքներ ենք ձեռք բերել այդ դասընթացի ժամանակ, գնացեք լսեք, թող ձեզնից գոնե մեկը գնա, կարող եք դիմում գրեք, համացանցում կան տվյալները»։
Ձկնորսությամբ տուն պահող պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էլ, որ ինքնավնասումով ազատվել է բանակից, Աննա Հակոբյանի խոսնակի կամ պաշտպանի գործառույթը ստանձնեց՝ իր հեղինակավոր կարծիքով «շշպռեց» ընդդիմադիրներին. «Էստեղից ասում են, թե գումարներ են ծախսում վարչապետի, նրա տիկնոջ․․․ Այո, անվտանգությունը պարտավոր է ՀՀ վարչապետին եւ իր ընտանիքին պաշտպանելու»։ ՔՊ-ականը գիտի, թե ինչու են իրականում քննադատում վարչապետի կնոջը․ «Նախանձություն կա մեջները՝ ընդդեմ տիկին Հակոբյանի»։ «Երբ տիկին Հակոբյանը մարզեր է գնում, դուք պետք է տեսնեք, թե իրեն ո՜նց են դիմավորում, ո՜նց են սիրում»,- ասաց Նարեկ Գրիգորյանը՝ հիշելով իր տատին, որը հայտնի առածն է ասել. «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է»։ «Դե, անկիրթ մարդիկ չգիտեն՝ կրթվելու իմաստը որն է: Այո, բոլորս կրթվելու կարիք ունենք»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։ Քննադատելով ընդդիմադիր պատգամավորներին, նրանց իշխանության շրջանը, Նարեկ Գրիգորյանը նաեւ ասաց․ «3 հազար տալիս էիք դասատուին, մի դուռում էլ՝ եղ ու կարագ, որ գային ցույցի»։
Ի դեպ, կրթությունը հարգող սույն պատգամավորն իր սրտաճմլիկ ելույթից հաշված րոպեներ առաջ ցույց տվեց, թե ինչպես է տիկինն իրեն կրթել․ Լեւոն Քոչարյանի ելույթից հետո, երբ խորհրդարանում կրքեր բորբոքվեցին, Նարեկ Գրիգորյանը շորերը պատռելով փորձում էր հասնել ու հարվածել Քոչարյանին, նա աքացի տալու հարցով անգամ գերազանցեց Վահագն Ալեքսանյանին` ոտքը բարձրացնելով մինչեւ ուսը։