«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը.
«Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետք է փնտրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, կիսատ մնացած գործընթացների և հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում:
Քննարկման նյութը հետխորհրդային նոր դասավորության, ավելի ստույգ՝ նոր սերնդի պետությունների կամ չճանաչված, բայց փաստացի գործող պետական կազմավորումների մասին է. Խորհրդային Միության տրոհման պահին առավել հայտնի էին հետևյալ չորս կազմավորումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Աբխազիայի Հանրապետությունը, Հարավային Օսիայի Հանրապետությունը և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը:
Այս հայտնի քառյակի մեջ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն (ԼՂՀ) ակնհայտ առանձնանում էր մի շարք հատկանիշներով: Թեկուզ այդ խմբի մեջ ԼՂՀ-ն ամենաուշն էր հայտարարել իր անկախության մասին՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին (պատճառը պետք է փնտրել մինչ այդ ժամկետը գործող կոնցեպտի մեջ, 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին համատեղ որոշումը), և թեպետ Արցախի ազատագրական պատերազմն ամենաերկարատևն էր (1991-1994թթ.), բայց, այս ամենով հանդերձ, Լեռնային Ղարաբաղը՝ Արցախի Հանրապետությունը, շատ ավելի արագ հաղթահարեց հետպատերազմյան դժվարությունները և 2000-ական թվականների սկզբից կանգնեց կայուն զարգացման ուղու վրա:
Նույն այդ ժամանակահատվածում ակտիվացան նաև կապերն ու շփումները հենց այդ կազմավորումների՝ դե-ֆակտո պետությունների միջև. ավելի հաճախակի սկսեցին պատվիրակություններով փոխանակվել, և այդ այցերը սովորաբար տեղի էին ունենում միմյանց տոների առթիվ շնորհավորելու, հիշատակի օրերին հարգանքի տուրք մատուցելու և խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակներով:
Այդօրինակ այցելությունների ընթացքում մյուս երեք հանրապետությունների պաշտոնյաները, հանրային գործիչները չէին թաքցնում իրենց զարմանքն ու հիացմունքը և, առանց չափազանցության, ընդգծում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջատար դիրքերը քաղաքական, տնտեսական, սոցիալական ու այլ ոլորտներում, ինչի մասին նրանցից շատերը խոսում էին բարի նախանձով: Արցախյան կողմից բացատրությունը միշտ նույն տրամաբանության մեջ էր. «Մենք Հայաստան ունենք մեր թիկունքում, իսկ աշխարհասփյուռ հայության համար Արցախը հպարտության աղբյուր է»»: