Երբ շատ լավ ապրող մարդիկ առնչվում են դատական կամ այլ համակարգերի հետ՝ սկսվում են նրանց դժբախտ օրերը. Խաչատուր Սուքիասյան


Երբ շատ լավ ապրող մարդիկ առնչվում են դատական կամ այլ համակարգերի հետ՝ սկսվում են նրանց դժբախտ օրերը. Խաչատուր Սուքիասյան
Մայիս 6 16:46 2025

«Տնտեսական հարցերով անպատկերացնելի քանակով դատական ակտեր կան, որոնք պետք է վերջնական փուլ հասնեն, բայց չեն հասնում, դատարաններում հետաձգվում են, դրանք վերաբերում են 1 մլրդ դոլար արժողության գույքերի»,- ԱԺ-ում դիմելով ԲԴԽ անդամի ՔՊ-ի առաջադրած թեկնածու Անահիտ Աբրահամյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նա նշեց, որ այդ միջոցները գումարներ պետք է գեներացնել, հարկեն վճարվեն պետությանը, բայց դատական ձգձգումների պատճառով չի արվում։

«Անտրամաբանական որոշումներ են կայացվում, որոշվում է կայացվում մարդու սեփականությունը ուրիշն էլ օգտագործի»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։

 ՔՊ-ական պատգամավորը ԲԴԽ անդամի թեկնածուին հարցրեց, թե ինչպես պետք է նման գործերը մոնիթորինգի ենթարկվեն, որպեսզի արագ լուծվեն։

 Խաչատուր Սուքիասյանը նաև հայտարարեց, թե նույն պրակտիկան քրեական գործերով վատ նախադեպ է ստեղծում և մտածողություն է ձևավորում, որ հանցագործը կարող է պատժից դուրս մնալ։

Անահիտ Աբրահամյանը նկատեց, որ նույն դատավորը կարող է նույն փաստական հանգամանքների պարագայում կայացնել մեկ վճիռ և ահռելի վնաս տալ պետությանը, բայց նույն հանգամանքներով մեկ այլ վճիռ էլ կայացնի, որը նման ելք չի ունենա։ Նա հորդորեց հիշել նաև դեպքերը երբ ՀՀ դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո գործերը հասնում են ՄԻԵԴ և վերջինիս որոշմամբ ՀՀ հարկատուն ընկնում է մեծ բեռի տակ։

«Դատաիրավական համակարգը պետք է այն տրամաբանության մեջ լինի, որը որ բոլորս՝ ՀՀ քաղաքացիները, ձգտում են, որ Հայաստանը լինի նման տրամաբանությամբ երկիր։ Հնարավոր չէ, որ մարդիկ ինչ-որ մի աշխատանք են տանում, նստած ծրագիր են գրում, շատ լավ ապրում են, բայց երբ որ դուրս են գալիս առնչվում են պետական այս կամ այն՝ դատական կամ այլ համակարգերի հետ՝ սկսվում են նրանց դժբախտ օրերը»,-արձագանքեց Սուքիասյանը։