1 զոհ, 1 վիրավոր․ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ


1 զոհ, 1 վիրավոր․ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հունիս 10 11:27 2024

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն, խուլիգանություն և մարմնական վնասվածք պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ժամը 01:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 43 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել հայհոյանքներ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, Հերացու անվան թիվ 1 համլասարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 խումբը Մաշտոցի պողոտա 43 Ա հասցեի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Քոչարյանն է, ով վնասվածքը ստացել է նշված վիճաբանության ժամանակ:

Արդեն ժամը 02:35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 08 խումբը «պոչուկի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու: Պարզվում է՝ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անդրուշ Սարգսյանն է, ով ևս դանակահրավել է Մաշտոցի պողոտայում:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն», «խուլիգանություն» և «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգմանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: