Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով


Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Ապրիլ 26 11:57 2024

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով, ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով:

Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, քաղաքապետ Անն Հիդալգոն, իսկ վերջում՝ Արտակ Բեգլարյանը:

Բոլոր ելույթ ունեցողները անդրադարձել են նաև Արցախի ժողովրդի ցեղասպանությանը՝ ընդգծելով միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը կանխելու հարցում, ինչպես նաև կարևորել են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, միջազգային պաշտպանության ապահովման, պատանդների ազատ արձակման և մի շարք այլ գործողությունների անհրաժեշտությունը:

Քաղաքապետ Հիդալգոն անվերապահ աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին՝ ընդգծելով ցեղասպանության հետևանքների վերացման և հանցագործների պատասխանատվության ենթարկման անհրաժեշտությունը: Նա շեշտադրել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու արդարության ապահովման ջանքերին:

Անն Հիդալգոն Արտակ Բեգլարյանին է տրամադրել Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևը՝ «Գրանդ վերմեյ» մեդալը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար և հաջակցություն ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդների ազատ արձակման:

Արտակ Բեգլարյանն այնուհետև հանդես է եկել ելույթով, որտեղ կոնկրետ հորդորներ ու առաջարկներ է հղել քաղաքապետին և Ֆրանսիայի ղեկավարությանը: Հիդալգոն այդ հորդորներին դրականորեն է արձագանքել ժամեր անց Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած հիշատակի պաշտոնական միջոցառման իր ելույթով՝ կոչ անելով Ֆրանսիայի ղեկավարությանը  բոյկոտել COP29 համաժողովը, ինչպես նաև ֆրանսիական բիզնեսներին՝ խզել իրենց կապերը Ադրբեջանի հետ:

Բեգլարյանի ելույթի տեքստը ներկայացվում է ստորև.

«Մեծարգո՛ տիկին քաղաքապետ,

Ձե՛րդ գերազանցություն տիկին դեսպան,

Հարգարժա՛ն պարոն Գևորգյան,

Հարգարժա՛ն պարոնայք Փափազյան ու Թորանյան,

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար պատիվ է այս միջոցառմանը մասնակցել, և շնորհակալ եմ Փարիզի քաղաքապետարանի բարձրագույն պարգևին արժանացնելու համար: Նախ, ես այս մեդալը համարում եմ տրված ոչ թե ինձ, այլ՝ Արցախի ողջ ժողովրդին և բաքվում պատանդառված մեր ներկայացուցիչներին: Երկրորդ, այսպիսի պարգևը ինձ լրացուցիչ պարտավորեցնում է՝ շարունակելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարը: Երրորդ, երանի այս մեդալի կարիքը չլիներ, և նման առիթով այս բեմը չբարձրանայի:

Երբ իմ չորս տարեկան աղջկան Արցախի շրջափակման ժամանակ բացատրում էի շրջափակման պատճառները՝ նշելով, որ չարամիտ մարդիկ ցանկանում են մեզ սովամահ անել ու խլել մեր հայրենիքը, նա հակընդդեմ հարց տվեց, թե արդյոք աշխարհի բարի մարդիկ կույր են, որ չեն տեսնում մեր դատարկ խանութներն ու մեր տառապանքները, որ չեն գալիս մեզ օգնելու: Դա շատ բարդ հարց էր, բայց ես փորձեցի բացատրել, թե ինչ է նշանակում հոգով կույր լինել...

Այսօր մենք հավաքվել ենք ծանր սրտով ոգեկոչելու պատմության մի սև էջ՝ Հայոց ցեղասպանությունը, որն արատավորում է մարդկության խիղճը: Ֆրանսիան՝ ազատության և մարդու իրավունքների փարոսը, նշանակալի դեր է խաղացել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ֆրանսիան ոչ միայն ընդունել է ցեղասպանված հայ ժողովրդի մազապուրծ պատառիկներին, ոչ միայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլև ճանապարհ է հարթել այլ պետությունների համար՝ դեպի պատմական արդարությունն ու ճշմարտությունը:

Սակայն արդյո՞ք դա է արդարությունը, եթե ո՛չ սպանվածներն են հարություն առնում, ո՛չ փրկվածներն են վերադառնում իրենց հայրենիք, ո՛չ հանցագործներն են պատժվում, ո՛չ էլ, առավել ևս, կանխվում են նոր ոճրագործությունները: Հետևաբար, միջազգային ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը լոկ սրտհովանք է, իսկ գոնե մասնակի արդարության ապահովման և կրկնությունների բացառման համար անհրաժեշտ է նաև համարժեք պատիժ հանցագործություններ կատարած անձանց ու պետությունների հանդեպ:

Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր, որպես նորօրյա ցեղասպանությունից փրկված անձ, կխոսեմ պատմության նոր արատավոր էջի մասին: Երբեք չէի կարող պատկերացնել, որ արդի աշխարհը թույլ կտա արդի երիտթուրքերին արդի միջոցներով իրականացնել օսմանյան երիտթուրքերի անավարտ երազանքները: Ինչու՞, որովհետև հավատում էի, որ հոգու կուրությունն այլևս գերիշխող չէ աշխարհում:

Թեև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում Ֆրանսիան որոշակիորեն ակտիվ հայտարարություններ ու գործողություններ է կատարել միջազգային ճնշում գործադրելու ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի վրա, այնուամենայնիվ, Ֆրանսիան, ինչպես և միջազգային հանրության բոլոր անդամները՝ ամեն մեկն իր չափով, Արցախի պարագայում ձախողել է ցեղասպանությունները կանխարգելելու և ժողովուրդներին պաշտպանելու իր սուրբ պատասխանատվության կատարումը:

Փաստորեն, այդ բեռն ընկել է Ֆրանսիայի համայնքապետարանների ուսերին, որտեղ Փարիզը ստանձնել է առաջնորդող դեր: Կուզեի հիշատակել Փարիզի քաղաքապետարանի և անձամբ տիկին քաղաքապետի հետևյալ քայլերը՝ 2020թ. ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության անկախությանն աջակցող բանաձևի ընդունումը, շրջափակման ընթացքում մարդասիրական աջակցության առաքումը և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո, որպես բարոյական աջակցություն, Արցախի ողջ ժողովրդին խորհրդանշականորեն Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը: Շնորհակալ ենք, տիկի՛ն Հիդալգո, Ձեր արժեքահեն վարքի և Ձեր կարողությունների սահմաններում մեր բարեկամությանը հավատարիմ մնալու համար:

Թանկագի՛ն ներկաներ,

Արցախում վերջին վայրագությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի համակողմանի աջակցությամբ, մռայլ հիշեցում են այն մասին, որ ցեղասպանության ուրվականը դեռ թևածում է աշխարհում։ Արցախի ժողովրդի ամբողջական ու բռնի տեղահանումից և մեր հայրենիքի բռնազավթումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան այժմ էլ սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին և ողջ հայ ժողովրդին՝ նոր ագրեսիայով ու ոճրագործություններով: Հարկ է հաշվի առնել, որ ակտիվ ցեղասպանությունը շարունակվում է Բռնազավթված Արցախում, քանի որ եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանոցների և տների ավերումն ու յուրացումը ոչ միայն հանցագործություններ են հայկական ու համաշխարհային նյութական ժառանգության նկատմամբ, այլև՝ Արցախի բնիկ հայ ժողովրդի գոյությունն ու պատմությունն իր նախնիների հինավուրց հողից արմատախիլ անելու ցեղասպանական քաղաքականություն:

Պատահական չէ, որ ադրբեջանական վանդալները Արցախի բռնազավթման հենց առաջին փուլում ոչնչացրեցին նաև Շառլ ազնավուրի կիսանդրին, որը կանգնած էր Ստեփանակերտում՝ մեծ մարդասերի հիմնած մշակութային կենտրոնի առջև: Ի՞նչ եք կարծում՝ այդ հանցագործությունն ուղղված էր միայն հայերի՞ս դեմ, թե՞ նաև ֆրանսիական ժողովրդի ու ողջ մարդկության դեմ. չէ՞ որ Ազնավուրը երգում էր այդ հանցագործների համար խիստ խորթ ու վտանգավոր արժեքների՝ սիրո, ճշմարտության, արդարության, ազատության և նման այլ համամարդկային երևույթների մասին...

Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեկ այլ դրսևորում է Արցախի ժողովրդի մի խումբ առաջնորդների առևանգումը, որոնք այժմ պատանդ են Բաքվում։ Ես ինձ բախտավոր եմ համարում, որ կարողացա բռնի տեղահանման ժամանակ խուսափել ադրբեջանական հետապնդումից ու վերահաս առևանգումից, այլապես ես էլ հիմա կլինեի բանտում՝ զուտ իմ ազգային պատկանելիության և առաջնորդության համար։ Այնուամենայնիվ, ես պարտավորված եմ շարունակել պայքարը իմ ժողովրդի իրավունքների ու արդարության համար՝ նաև պատանդառված անձանց փոխարեն և նրանց ազատելու նպատակով։

Այդ համատեքստում հարկ է ընդգծել, որ պատանդներից մեծ մարդասեր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5-ից հացադուլի մեջ է, և ալիևյան ռեժիմն ավելի քան երկու շաբաթ շարունակ արգելել է նրա կապն ընտանիքի հետ: Ուստի, նրա կյանքին լրացուցիչ ու անմիջական վտանգ է սպառնում, և անհրաժեշտ են հրատապ ու կոշտ միջոցներ նրա կյանքը փրկելու և բոլորին ազատելու համար:

Հայ պատանդները խղճի, ազատության և հավատի բանտարկյալներ են, ինչպես ազատության համար մարտնչող Միսակ Մանուշյանն էր: Մահապատժից առաջ Մանուշյանն իր կնոջն ուղղված վերջին նամակում գրել է. «Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»:

Այո՛, միասնական պայքարի արդյունքում խաղաղությունն ու ազատությունը կգան մեկ օր, սակայն մենք չպետք է թույլ տանք, որ Միսակ Մանուշյանի վերջին տողերը վերագրելի լինեն հայ պատանդներին. վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը պետք է վայելեն նաև նրանք, նաև մեր բռնի տեղահանված ժողովուրդը՝ հավաքական, անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալով իր բնօրրան և վերականգնելով հավատն առ համամարդկային արժեքներ ու հոգու կուրության բացառում:

Այս համատեքստում կուզեի մի քանի գործնական առաջարկ ու հորդոր հղել ներկաներին և Ֆրանսիայի քաղաքական ու հասարակական առաջնորդներին, մասնավորապես՝

Տիկին քաղաքապետին առաջարկում եմ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական ագրեսիայի առաջին տարելիցի առթիվ, իր հովանու ներքո համատեղ կազմակերպել Արցախի ժողովրդի և այլ ցեղասպանությունների վերաբերյալ գիտագործնական մեծ ու միջազգային համաժողով.
Բարձր գնահատելով տիկին Հիդալգոյի որոշումը Ադրբեջանում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP 29 համաժողովը» բոյկոտելու հարցում՝ առաջարկում եմ այստեղ ներկա բոլոր անձանց հորդորել Ֆրանսիայի ողջ ղեկավարությանը նույն վարքը դրսևորել, իսկ տիկին քաղաքապետը կարող է նույն հորդորն ուղղել նաև Ֆրանսիայի մնացած քաղաքների ու Փարիզի քույր քաղաքների ղեկավարներին.
Առաջարկում եմ հանրային արշավ սկսել Ադրբեջանում ֆրանսիական խոշոր բիզնեսներին հորդորելու խզել Ադրբեջանի հետ իրենց կապերը՝ չաջակցելու համար Ալիևի ցեղասպանական քաղաքականությանը. նրանք, վերջիվերջո, պետք է արժեքային ընտրություն կատարեն մարդու իրավունքների և արյունոտ փողերի միջև, որոնք, ամեն դեպքում, չեն կարողանալու վայելել:

Սիրելի՛ բարեկամներ,

Եզրափակելով՝ իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր բարձրացրել են իրենց ձայնը և անխոնջ աշխատել հայ ժողովրդի և մնացած ցեղասպանված ժողովուրդների համար արդարության հասնելու ուղղությաբ:

Եկե՛ք կանխենք նոր Հիտլերների ծնունդը և թույլ չտանք նրանց հղում անել հայերի նոր ցեղասպանության անպատժելիությանն ու մոռացվածությանը.

Եկե՛ք օգնենք մերօրյա Մանուշյաններին վայելելու վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը.

Եկե՛ք մեր երեխաներին ու թոռնիկներին ապացուցենք, որ հոգով կուրությունը բնորոշ չէ մեզ և այդպիսի վարքը չենք խրախուսում նաև իրենց համար:

Մենք միասին կարող ենք աշխարհը դարձնել ավելի արդար, իսկ ցեղասպանությունները՝ զուտ պատմական ցավոտ հիշողություններ ու դասեր:

Շնորհակալություն»: