Ինչո՞ւ է ստում թիվ 130 դպրոցի տնօրենը


Ինչո՞ւ է ստում թիվ 130 դպրոցի տնօրենը
Փետրվար 28 18:06 2024
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի Նաիրի Զարյանի թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է: Տնօրեն Նվարդ Հովսեփյանն արդեն երկրորդ օրն է՝ դպրոցում շրջում է ոստիկանների ուղեկցությամբ՝ վախի մթնոլորտ տարածելով:
 
Քիչ առաջ էլ վերջինս մոտեցել է դպրոցի բակում հավաքված լրագրողներին և կեղծ տվյալներ հաղորդել, թե իբր երեք փոխտնօրեններն ազատման դիմում չեն ստորագրել և իրեն չեն ներկայացրել։
 
Մինչդեռ փոխտնօրեններ Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը Aysor.am-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ մի քանի օր է ՝ իրենց փոխտնօրենի պաշտոնից ազատելու դիմումները պատշաճ կարգով ներկայացրել են տնօրենին, ավելին, դիմումում մանրամասն նկարագրել են, որ պատճառը Ն.Հովսեփյանի՝ մանկավարժին ոչ վայել վարքն է:
 
Ինչպես հայտնի է, դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում շոշափելի չարաշահումներ և յուրացումներ են հայտնաբերվել, որից հետո տնօրենը սկսել է պահանջել փոխտնօրեններին կոծկել այդ փաստը, հորդորել  է նրանց աշխատել աշակերտների և ծնողների հետ, որպեսզի վերջիններս կեղծ տվյալեր տան ստուգող մարմնին, թե դասացուցակում առկա դասերն ու խմբակների պարապմունքներն իրականացվել են: Վերջիններս հրաժարվել են և համատեղ դիմում ներկայացրել:
 
Ի դեպ, այսօր դպրոցի բակում հավաքված ծնողները ևս հաստատել են Aysor.am-ի ստացած ահազանգը, որ թեև Նվարդ Հովսեփյանն ինքն իրեն վարձատրել է «Եկեղեցու պատմություն» առարկայի համար, սակայն երբևէ չի վարել դասը:
 
Հավելենք, որ Ն. Հովսեփյանը չի հերքել տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում չարաշահումներ հայտնաբերելու փաստը՝ նշելով. «Թող կատարեն ստուգումներ, տեսնեն ինչն է առկա, ինչը՝ չէ»: