Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.... «Փաստ»


Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.... «Փաստ»
Սեպտեմբեր 16 10:04 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո եղան անձինք, որոնք արագորեն (կամ ճարպկորեն, որին խոսակցականով նաև «շուստրավատ» են ասում) փոխեցին «գլխարկները» և հանգրվանեցին Փաշինյանի իշխանական «ճամբարում» կամ մերձակա «դաշտերում», այնքան էլ զարմանալի չէր: Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ նման «ճամբարափոխություններ» է տեսել: Ինչևէ: Արդեն 2020-ի նոյեմբերի 9-ը հստակ ջրբաժան էր. կա՛մ դու կործանարար ու աղետաբեր «իշխանության» կողմից ես ու կողքին կանգնած, կա՛մ այդ «իշխանության» դեմ: Մարդիկ եղան, որ առավել անհաշտ ու կոշտ դիրքերից հանդես եկան, ծանր ու ոչ մեջբերելի բնորոշումներ տվեցին: Ու մեկ էլ... հո՛պ, տեսնում ես, որ այդ մարդիկ իրենց անմեջբերելի բնորոշած փաշինյանական իշխանության կողքին են, «թևութիկունք» են, գրկախառնվում են, բարևում, «մրցույթներ» ու պատվերներ շահում, Փաշինյանի համար «ձայներ բերելու» պարտավորություններ ստանձնում:

Օրինակ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, ինչպես հայտնի է, 2021-ին պատգամավոր ընտրվեց «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատը, որից հետո շինարարական բուռն գործունեության մեջ է ընկղմվել: Կամ՝ «ընդդիմադիր դիրքերում» կանգնած Քաջարանի քաղաքապետը, որ մի ահռելի ծաղկեփունջ նվիրեց Փաշինյանի տիկնոջը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կերպարանափոխությունը, սակայն, երևի ամենացայտունն է, եթե չասենք՝ ամենաանսպասելին: Շատ գրվեց այս վերջերս, պարզապես հիշեցնենք. պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հայտնվեց բանտում, ելավ, հայտարարում է, թե՝ «ժողովուրդն է ընտրել Փաշինյանին», ջերմ ընդունում է «ընտրված Փաշինյանին», հանրագումարում նրան կամ իր ընտանիքին առնչվող ընկերությունները խոշոր տենդերներ են շահում:

Այսինքն, ի՜նչ սկզբունք, ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ գաղափա՜ր, այսայն, ո՞ւմ են պետք նման «թիթիզությունները», միայն՝ շա՛հ, շա՛հ, շա՛հ... Ի դեպ, առիթ եղել է նկատելու, որ Փաշինյանի իշխանությունը հաճախ դիմում է քրեական գործերով, «ապօրինի ծագմամբ գույքի» գործերով տարբեր նկատելի անձանց վրա ճնշումներ գործադրելու, նրանց «ինդուլգենցիաներ վաճառելու» (մեղքերի թողություն) միջոցին: Դատելով հետևանքներից՝ բավականին արդյունավետ (oրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանգամանքը, որի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է):

Ու փաշինյանական իշխանությունը, որ սիրում է հանրության առաջ «հրեշտակային» հագուկապով ներկայանալ, չի խորշում (երբեք էլ չի խորշել) իր «մերժած» նախկին նկատելի, այդ թվում՝ մականունավոր կերպարներին, նրանց նյութական միջոցներին, նրանց «պադձեռժկային» շաղկապվելուց: Հասկանալի է, երբ նրանք արագ «կողմնորոշվում» ու «ճիշտ» են դիրքավորվում: Այսինքն, «լավ են պահում իրենց»: Դե, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է «սկզբունք» բառի հիշատակումն անգամ: Այս դեպքում՝ միայն՝ անձնական շա՛հ, շա՛հ, շա՛հ... Իսկ թե ինչ է կատարվում երկրի, պետության հետ, ո՞ւմ է հետաքրքրում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում