Հանրային քննարկման է ներկայացվել «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Նշվում է, որ ֆիլմի դասակարգումն իրականացվելու է ելնելով ֆիլմում առկա տեղեկատվության բնույթից, հետևյալ կատեգորիաներով.
Ֆիլմ մինչև 6 տարեկան երեխաների համար (0+).
ա. 6 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել այն տեղեկատվությունը, որը չի վնասում երեխաների առողջությանը և (կամ) զարգացմանը (այդ թվում ֆիլմի ժանրով պայմանավորված ոչ նատուրալիստական ձևաչափով տեսարաններ կամ ֆիզիկական ու հոգևոր բռնությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ենթակա են չարի նկատմամբ բարու հաղթանակի և բռնության զոհի հանդեպ կարեկցանքի արտահայտմանը և (կամ) բռնության դատապարտմանը).
Ֆիլմ 6 տարեկանից բարձր երեխաների համար (6+).
ա. 6 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23.-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. մարդկային հիվանդությունների (բացառությամբ լուրջ հիվանդությունների) և (կամ) դրանց հետևանքների կարճատև և ոչ նատուրալիստական պատկերում կամ նկարագրություն, որը չի նվաստացնում մարդու արժանապատվությունը.
գ. դժբախտ պատահարի, աղետի կամ ոչ բռնի մահվան ոչ բնական պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրա հետևանքները ցույց տալու, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.
դ. այն գործողությունների և (կամ) հանցագործությունների պատկերումը կամ նկարագրությունը, որոնք չեն դրդում կատարել հակահասարակական գործողություններ և (կամ) հանցագործություններ, պայմանով, որ չի արդարացվում կամ հիմնավորվում դրանց թույլատրելիությունը և արտահայտված է բացասական, դատապարտող վերաբերմունք դրանք կատարող անձանց նկատմամբ.
Ֆիլմ 12 տարեկանից բարձր երեխաների համար (12+).
ա. 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) դրվագային պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական պատկերման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).
գ. պատկեր կամ նկարագրություն, որը չի հրահրում հակահասարակական գործողությունների (ներառյալ ալկոհոլի և ալկոհոլ պարունակող ապրանքների, գարեջրի և դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործումը, խաղամոլությունը, թափառաշրջիկությունը կամ մուրացկանությունը), թմրամիջոցների, հոգեմետ նյութերի(առանց ցուցադրման), ծխախոտային արտադրանքի հիշատակում՝ պայմանով, որ հակահասարակական գործողությունների թույլատրելիությունը արդարացված և հիմնավորված չէ, դրանց նկատմամբ արտահայտվում է բացասական, դատապարտող վերաբերմունք և առկա է այդ ապրանքների, միջոցների, նյութերի սպառման վտանգի մասին նշումը.
դ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) ոչ նատուրալիստական պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների.
Ֆիլմ 16 տարեկանից բարձր երեխաների համար (16+).
ա. 16 տարին լրացած երեխաների համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. դժբախտ պատահարի, աղետի, հիվանդության, մահվան պատկերում կամ նկարագրություն՝ առանց դրանց հետևանքների նատուրալիստական դրսևորման, ինչը կարող է երեխաների մոտ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնել.
գ. դաժանության և (կամ) բռնության (բացառությամբ սեռական բռնության) պատկերում կամ նկարագրություն՝ առանց կյանքից զրկելու կամ անդամահատման գործընթացի նատուրալիստական դրսևորման, պայմանով, որ արտահայտված է զոհի հանդեպ կարեկցանք և (կամ) դաժանության ու բռնության նկատմամբ բացասական, դատապարտող վերաբերմունք (բացառությամբ քաղաքացիների իրավունքների և օրինականորեն պաշտպանված հասարակության կամ պետության շահերի պաշտպանության դեպքերում կիրառվող բռնության).
դ. տեղեկություններ թմրամիջոցների կամ հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի մասին (առանց դրանց ցուցադրման), դրանց օգտագործման վտանգավոր հետևանքների մասին՝ նման դեպքերի ցուցադրմամբ, պայմանով, որ այդ թմրամիջոցների կամ նյութերի օգտագործման նկատմամբ դրսևորվում է բացասական կամ դատապարտող վերաբերմունք է, և առկա է դրանց սպառման վտանգի մասին ցուցում.
ե. առանձին հայհոյանքներ և (կամ) արտահայտություններ, որոնք չեն պատկանում անպարկեշտ բառապաշարին.
զ. տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունների (բայց ոչ սեռական շահագործման կամ սեռական նվաստացուցիչ տեսարանների) պատկերում կամ նկարագրություն, բացառությամբ սեռական բնույթի ակտերի պատկերումների կամ նկարագրությունների:
Մինչև 18 տարեկան երեխաների և պատանիների համար ֆիլմն արգելված է, եթե այն պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա. տեղեկատվություն, որը խրախուսում է երեխաներին կատարել իրենց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ (այդ թվում՝ իրենց առողջությանը վնասելու և ինքնասպանության).
բ. տեղեկատվություն, որը կարող է երեխաներին դրդել թմրամիջոցների, հոգեմետ և (կամ) հարբեցնող նյութերի, ծխախոտի, ալկոհոլային և ալկոհոլ պարունակող մթերքների, դրա հիման վրա պատրաստված ըմպելիքների օգտագործման, և (կամ) ցանկություն առաջացնել խաղամոլության, մարմնավաճառության, թափառաշրջիկության կամ մուրացկանության.
գ. տեղեկատվություն, որը հիմնավորում կամ արդարացնում է բռնության և (կամ) դաժանության թույլատրելիությունը, կամ հրահրում է իրականացնել մարդկանց և կենդանիների նկատմամբ բռնի գործողություններ.
դ. տեղեկություններ, որոնք ժխտում են ընտանեկան արժեքները և անհարգալից վերաբերմունք են առաջացնում ծնողների և (կամ) ընտանիքի այլ անդամների նկատմամբ.
ե. անօրինական վարքագիծն արդարացնող տեղեկատվություն.
զ. անպարկեշտ արտահայտություններ.
է. պոռնոգրաֆիկ բնույթի տեղեկատվություն:
Ֆիլմ 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար (18+)։
ա. 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված ֆիլմը կարող է ներառել սույն կարգի 23-րդ կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ֆիլմի ժանրով և (կամ) սյուժեով հիմնավորված այլ տեղեկություններ.
բ. հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ.
գ. սեռական հարաբերությունների, ներառյալ սեռական բնույթի ակտերի, սեռական բռնության կամ հարկադրանքի տեսարանների պատկերում կամ նկարագրություն.
դ. բռնության նատուրալիստական պատկերում՝ առանց ավելորդ դաժանության.
ե. թմրամիջոցների օգտագործման դրվագներ և դրանց հետևանքները, բայց ոչ դրական համատեքստում:
Փաստաթղթերը ուսումնասիրող մասնագետը կկատարի համապատասխան նշումը վարձութային վկայականում (0+, 6+, 12+, 16+, 18+):