Խոշոր ավտովթար Երևանում. Էրեբունի փողոցում բախվել են Mazda 6-ը, Chevrolet Malibu-ն.բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար


Խոշոր ավտովթար Երևանում. Էրեբունի փողոցում բախվել են Mazda 6-ը, Chevrolet Malibu-ն.բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Մայիս 28 23:02 2023

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Էրեբունի փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել են Mazda 6, Chevrolet Malibu և աղբատար բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արամ Կարապետյանը, պարեկներ Վլադիմիր Դերջյանը, Գոհար Արզումանյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Հովակիմյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, քաղաքացիներն էլ կուտակումներ չստեղծեն, որպեսզի չխոչընդոտվի փրկարարների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Ավելին՝ shamshyan.com