Խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր. տարածքային ամբողջականությունը մի մասն է


Խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր. տարածքային ամբողջականությունը մի մասն է
Մայիս 26 11:37 2023

ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին։

 
 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն՝ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ, Կովկասյան հարցերով նախկին բանագնաց, դեսպան Ֆիլիպ Ռիքերը․«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- ասում է Ռիքերը:

Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար․«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:

Հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգոթյուն է՝ գտնում է Ռիքերը: Այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար: