Ադրբեջանի ԱԳ նախարարը «գերի» է ներկայացրել Հայաստանի տարածք ներխուժած և քաղքացու սպանած ադրբեջանցիներին ու կոչ արել նրանց ազատ արձակել


Ադրբեջանի ԱԳ նախարարը «գերի» է ներկայացրել Հայաստանի տարածք ներխուժած և քաղքացու սպանած ադրբեջանցիներին ու կոչ արել նրանց ազատ արձակել
Ապրիլ 17 17:50 2023

Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոյի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի հեռանկարները։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությանը։

 

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

 

Բայրամովը նշել է, որ «Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ հայտարարությամբ, ամբողջությամբ չի դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի տարածքից, դեռևս օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի ութ գյուղ և կանոնավոր կերպով շարունակում է իր ռազմական և քաղաքական սադրանքները» (չակերտները Armday.am-ի)։

 

Նա նաեւ անդրադարձել է վերջերս Հայաստանի տարածք մտած երկու ադրբեջանցիներին ու հայտարարել է, որ «երկու ադրբեջանցի զինծառայողներ գերի են ընկել, գերիներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել» (չակերտները Tert.am-ի)։ Բայրամովն «ընդգծել է ադրբեջանցի զինվորականների անհապաղ ազատ արձակման կարևորությունը» (չակերտները Tert.am-ի):

 

Նշենք, որ հենց Ադրբեջանն է խախտում 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի կնքված եռակողմ հայտարարությունը, մասնավորապես 8-րդ կետը՝ Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում: Ադրբեջանական դատարանի ապօրինի վճիռներով դեռևս բանտերում են պահվում բազմաթիվ հայ գերիներ։ Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանի տարածքում հայտնաբերված ու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին, ապա նրանք ապօրինի հատել են սահմանը, և հետագայում հայտնաբերվել ու ձերբակալվել։